Փաստ մեկնաբանությամբ

Դիմորդների բավական ակտիվ հոսք է նկատվում դեպի ԳԹԿ

2 րոպեի ընթերցում

Դիմորդների բավական ակտիվ հոսք է նկատվում դեպի ԳԹԿ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիմորդների բավական ակտիվ հոսք է նկատվում դեպի Գնահատման եւ թեստավորման կենտրոն, որտեղ հունիսի 24-ից մեկնարկել է 2011 թվականի դիմորդների միասնական ընդունելության քննությունների լրացուցիչ փուլի կազմակերպման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԳԹԿ-ի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ԳԹԿ-ն երկրորդ' լրացուցիչ, փուլին մասնակցության համար արդեն շուրջ 650 դիմում-հայտ է ստացել' «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաների քննություններին մասնակցելու համար: «Նմանատիպ ակտիվությունը ենթադրվում էր եւ սպասելի էր, քանի որ շատերը նոր են վերադարձել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից կամ սովորել են արտասահմանում եւ նոր վերադարձել Հայաստան»,- նշեց Գ. Մանուկյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ նախորդ տարի ընդունելության քննության լրացուցիչ փուլին մասնակցել են շուրջ 1800 դիմորդներ:

Հիշեցնենք, որ միասնական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, այն դիմորդները, ովքեր միասնական քննությունների հիմնական փուլին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել, այն դիմորդները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, ինչպես նաեւ բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:

Նշենք, որ դիմում-հայտերը լրացվում եւ ընդունվում են ԳԹԿ-ում հունիսի 24-ից' ամեն օր' ժամը 10:00-17:00-ն, բացի կիրակիից, շաբաթ օրը' մինչեւ 14:00-ն: Դիմում-հայտերը կընդունվեն մինչեւ հուլիսի 2-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում