Փաստ մեկնաբանությամբ

Վ. Աթանեսյան. «Բաքվում տեղի ունեցած շքերթը եւ Ալիեւի հայտարարությունները ծիծաղելի են»

2 րոպեի ընթերցում

Վ. Աթանեսյան. «Բաքվում տեղի ունեցած շքերթը եւ Ալիեւի հայտարարությունները ծիծաղելի են»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում տեղի ունեցած շքերթը եւ Ալիեւի հայտարարությունները ծիծաղելի են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Ի՞նչ է նշանակում կազմակերպել շքերթ, երբ չգիտես, թե ինչի համար ես այն կազմակերպում: Բոլորն էլ գիտեն, որ այդ օրը' հունիսի 26-ը, 1918թ-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսի' Գանձակ մտնելու օրն է, այսինքն' ստացվում է, որ իրենք նշում են ոչ թե ազգային բանակի կազմավորման օրը, այլ Գանձակում եւ ընդհանրապես Արեւելյան Անդրկովկասում թուրքական էքսպեդիցիոն կորպուսի հայտնվելու օրը: Դա տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասաց Վ. Աթանեսյանը:

Նրա խոսքով' եթե կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոնցեպցիա, ապա ինչի՞ է ծառայում ուժի նման ցուցադրումը. եթե Ադրբեջանը կարծում է' դա դիվանագիտական ազդեցության գործոն է, ապա այդ գործոնը չի աշխատում եւ ի սկզբանե չի աշխատել:

«Պատերազմը ցույց տվեց, որ զորքի թվակազմը եւ տեխնիկական հագեցվածություն չէ, որ խնդիր են լուծում: Ադրբեջանի նախագահը պետք է գիտակցի, որ պատերազմը հնարավորություն է կողմերից յուրաքանչյուրի համար»,- ընդգծեց Վ.Աթանեսյանը' հավելելով, որ եթե Ադրբեջանը կարծում է' պատերազմի միջոցով կարող է հաջողության հասնի, ապա ԼՂՀ համար այդ պատերազմը կարող է հնարավորություն ստեղծել եւս մեկ անգամ ամրագրելու իր անկախ կարգավիճակը եւ ունենալու ավելի նպաստավոր աշխարհագրական դիրք:

«Կարծում եմ' այն, ինչ Ադրբեջանը ցուցադրեց հունիսի 26-ին, ԼՂՀ ՊԲ-ում, քաղաքական ղեկավարության եւ ընդհանրապես հասարակության մեջ ամրապնդեց այն ընկալումը, որ Ադրբեջանի բանակն անպարտելի չէ, որովհետեւ, ըստ էության, այնտեղ չցուցադրվեց այն, ինչ մեզ համար կարող էր անակնկալ լինել: Լեռնային Ղարբաղի ժողովուրդն այդ ամենն արդեն տեսել է»,- նշեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում