Փաստ մեկնաբանությամբ

Հաստատվեց ընտրացուցակում ընտրողի ընդգրկված չլինելու դեպքում տրվող տեղեկանքի ձեւը

2 րոպեի ընթերցում

Հաստատվեց ընտրացուցակում ընտրողի ընդգրկված չլինելու դեպքում տրվող տեղեկանքի ձեւը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց ընտրացուցակում ընտրողի ընդգրկված չլինելու դեպքում տրվող տեղեկանքի ձեւը: Ինչպես նիստում նշեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, խոսքը վերաբերում է այն տեղեկանքին, որը պետք է ստանա ընտրողը, եթե ոտնահարվել է նրա ընտրելու իրավունքը եւ թյուրիմացաբար քաղաքացին չի ընդգրկվել ընտրացուցակում: «Այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովը ոչ մի տեղեկանք չի տրամադրում ընտրողին: Վերջինս, ընդգրկված չլինելու դեպքում, միանգամից դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին: Այնտեղ նրան բավարար հիմքերի դեպքում տալիս են տեղեկանք, որով վերականգնվում է նրա ընտրելու իրավունքը»,-ասաց Գ. Ազարյանը:

Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ հաստատեց համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների' տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ձեւը, որի վրա կան նաեւ վերահաշվարկի համար նախատեսված տեղեր: «Փորձում ենք այդ ամենը համատեղել մեկ փաստաթղթում, որպեսզի կարողանանք ավելի դյուրին դարձնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, ԿԸՀ-ի աշխատանքները' քվեարկության արդյունքներն ամփոփելիս»,-ասաց ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:

Գ. Ազարյանը նշեց, որ արձանագրությունը ներառում է տողեր' հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի առարկության դեպքում հատուկ կարծիքի համար:

«Դա նշանակում է, որ չենք ունենա հատուկ կարծիք' կցված արձանագրությանը, որը կարող էր պոկվել եւ չհայտնվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում: Բոլոր փորձերը հաշվի առնելով' մենք դրանք արձանագրելու ենք միեւնույն ձեւաթղթի վրա»,-ասաց Գ. Ազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում