Փաստ մեկնաբանությամբ

Գ. Ազարյան. «Առաջիկա ընտրություններն էապես կտարբերվեն նախորդներից»

2 րոպեի ընթերցում

Գ. Ազարյան. «Առաջիկա ընտրություններն էապես կտարբերվեն նախորդներից»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա ընտրություններն էապես կտարբերվեն նախորդներից կազմակերպման եւ անցկացման իմաստով: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, հրապարակայնության ապահովման, արդյունքներն ավելի մատչելի դարձնելու առումով նույնպես զգալի տարբերություններ կան:

«Հանձնաժողովն ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Մեր ներգրավվածությունը կարեւորվում է, որովհետեւ յուրաքանչյուր առաջարկ կատարել ենք' հաշվի առնելով ունեցած փորձը, ելնելով նախորդ ընտրություններից»,-ասաց Գ. Ազարյանը: Նրա խոսքով' հաշվի են առել տարբեր ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորների դիտարկումները:

Անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության կողմից արված' ընտրություններին 2 հազար միջազգային դիտորդ ունենալու առաջարկին' ԿԸՀ նախագահը նշեց, որ միջազգային դիտորդների առկայությունը որքան շատ, այնքան լավ, սակայն 2 հազար թիվը ռեալ չէ: «Չեմ հասկանում, եթե ունենանք 2 հազար միջազգային դիտորդ, ապա ինչո՞վ պետք է զբաղվեն կուսակցությունների վստահված անձինք: Չմոռանանք, որ նրանք ունեն ավելի մեծ իրավունքներ, քան դիտորդները»,-ասաց Գ. Ազարյանը' ավելացնելով, որ մասնակիցն ինքը պետք է իրականացնի ընտրությունների վերահսկողության գործառույթը, այլ ոչ թե դիմի դրսից մարդ հրավիրելու մոտեցմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում