Փաստ մեկնաբանությամբ

Դ. Բաբայան. «Ղարաբաղյան կողմի կանխատեսումներն արդարացան»

2 րոպեի ընթերցում

Դ. Բաբայան. «Ղարաբաղյան կողմի կանխատեսումներն արդարացան»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես եւ սպասվում էր, կազանյան հանդիպումը ոչ մի առաջընթաց չգրանցեց բանակցային գործընթացում. այդպես էլ կանխատեսում էինք»,- այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը' հավելելով, որ առաջընթացի արձանագրման առաջին գրավականն այն է, որ բանակցություններում իր մասնակցությունն ունենա նաեւ ԼՂՀ-ն:

«Լեռնային Ղարաբաղի Հանրպետությունը պետք է դառնա բանակցային գործընթացի կողմ, միաժամանակ Ադրբեջանը հանդիպումներում պետք է ներկայանա' հասկանալով երկու հիմնական փաստ, որ առաջինը' ինքը պարտավոր է կատարել փոխզիջումներ ու ընդունել, որ ԼՂՀ-ի կարգավիճակը չի կարող լինել ավելի ցածր, քան այժմ է: Երկրորդ' Ադրբեջանը պետք է հասկանա, որ ներկայիս ԼՂՀ-ի որեւէ տարածքի վերադաձը փոխզիջման տեսքով անհնարին է»,- նշեց Դ. Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ Կազանում տեղի ունեցավ ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն. «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում եւ դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը: Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների' Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներին' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար եւ բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում