Փաստ մեկնաբանությամբ

Ա.Պողոսյան. «ՅՈւՆԵՍԿՕ-ում ադրբեջանական հերթական վանդալիզմն աշխատեց հօգուտ հայկական կողմի»

3 րոպեի ընթերցում

Ա.Պողոսյան. «ՅՈւՆԵՍԿՕ-ում ադրբեջանական հերթական վանդալիզմն աշխատեց հօգուտ հայկական կողմի»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր կամփոփվի «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում ադրբեջանական եւ թուրքական ագրեսիայի հերթական պոռթկումն էր արձանագրվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, տեղի ունեցած կոնֆլիկտը եւս մեկ անգամ ստիպեց միջազգային հանրությանն ուշադրությունը սեւեռել հայկական խաչքարերի եւ ոչ նյութական ժառանգության նմուշների վրա: «Միջազգային հանրությունը եւս մեկ անգամ տեղեկացավ հայկական խաչքարերի նկատմամբ թուրքական եւ ադրբեջանական կողմերի իրականացրած վանդալիզմի մասին»,- ասաց Ա. Պողոսյանը' հավելելով, որ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը աշխատեց հօգուտ հայկական կողմի: «Սակայն այդ ամենով հանդերձ' չպետք է անտեսել այն հանգամանքը, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն իրեն ոչ հարիր պահեց»,- շեշտեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը:

Ա. Պողոսյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ դա հնարավորություն կտվեց հայկական կողմին առավել պատրաստված ներկայանալու նմանատիպ միջոցառումների, առավել ճկուն ներկայացնել հայկական կողմի դիվանագիտությունը:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ հայկական կողմը բոլոր տիպի միջազգային միջոցառումների ընթացքում հանդիպում է ադրբեջանական եւ թուրքական ագրեսիային եւ ջղաձիգ վերաբերմունքի: «Սակայն դա մեզ չի վախեցնում. մենք առավել ակտիվորեն ենք առաջ շարժվելու»,- փաստեց Ա. Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին' ՀՀ մշակույթի նախարարությունը չի՞ պատրաստվում դատի տալ միջազգային այդ կառույցին' Ա. Պողոսյանը նկատեց, որ դրա փոխարեն ճիշտ կլինի հաջորդ դեպքերում առավել ճկուն լինել: «Դրա փոխարեն մենք արդեն որոշել ենք ստեղծել մի շարք երկրների հետ կոալիցիաներ, որոնց միջոցով մեր մշակութային արժեքներն առավել պաշտպանված կլինեն եւ հանրահռչակված»,- ասաց Ա. Պողոսյանը:

Նշենք, որ թեեւ ՅՈւՆԵՍԿՕ-ն տվել էր իր համաձայնությունը ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ, ադրբեջանական եւ թուրքական կողմերը բոլոր միջոցներով ձգտել էին ՅՈւՆԵՍԿՕ-ին համոզել ցուցադրությունից հանել ներկայացված ցուցանմուշների մի մասը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Բանակցությունների արդյունքում, պահպանելով ցուցահանդեսի ամբողջականությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ի պնդմամբ հանվել էին լուսանկարների բացատրագրերում նշված տեղանունները' հաշվի առնելով, որ ցուցահանդեսի մաս էր կազմում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը: Սակայն, վերջին պահին, ՅՈւՆԵՍԿՕ-ն ցուցադրությունից հանել էր նաեւ քարտեզը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում