Փաստ մեկնաբանությամբ

Հ. Սեւան. «Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառը Թուրքիան է»

2 րոպեի ընթերցում

Հ. Սեւան. «Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառը Թուրքիան է»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառը Թուրքիան է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ դատի' Երուսաղեմի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը' շեշտելով, որ «Մավի Մարմարայի» հետ կապված դեպքերը հանդիսացան այդ հարաբերությունների վատթարացման հիմքը:

Նրա խոսքով' մինչ իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացումը Իսրայելի կառավարությունը բավականին զգուշորեն էր արտահայտվում Հայոց ցեղասպանության հարցի մասին: «Սակայն ներկայում այս հարցում տեսնում ենք տեղաշարժեր եւ հուսով ենք, որ այդ տեղաշարժերը կպահպանվեն»,- ասաց Հ.Սեւանը' ավելացնելով, որ սկզբնական փուլում Իսրայելում կային ուժեր, որոնք ցանկանում էին հակաթուրքական մեծ աղմուկ բարձրացնել, սակայն պաշտոնական Երուսաղեմը դա թույլ չէր տալիս: «Այնուամենայնիվ, ներկայում ավելի ու ավելի հաճախ լսում ենք իսրայելցի մտավորականների' գրողների, քանդակագործների եւ առհասարակ արվեստագետների ձայներ, որոնք կոչ են անում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Եթե նույն միտումները պահպանվեն, ապա կարծում եմ, որ պաշտոնական Իսրայելի դիրքորոշումը եւս կգնա դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում»,- կարծիք հայտնեց Հ. Սեւանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում հրեական լոբբիի գործունեությանը եւ վերջինիս կողմից հայկական լոբբիստական կազմակերպություններին ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հավանականությանը' Հ.Սեւանը նշեց, որ այդ հարցը մեծապես կախված է Իսրայելի պաշտոնական դիրքորոշումից: «Կան հրեական լոբբիստական կազմակերպություններ, որոնք չեզոք են, սակայն կարծում եմ, որ կգտնվեն որոշները, որոնք կօգնեն»,- ասաց Հ.Սեւանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում