Ա. Սարգսյան. «Ոստիկանի արարքի մեջ որեւէ խախտում չկա»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն ինչ արվել է օրինաչափ, եւ ոստիկանի արարքի մեջ որեւէ խախտում չկա: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը' անդրադառնալով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի դեպքին: Այն հարցին, թե սպանվածի ծնողների հավաստիացմամբ, իրենց որդին չի եղել հետախուզվողը եւ ոստիկանը շփոթել է, ոստիկանապետը պատասխանեց, որ ներկայում փորձաքննություն է իրականացվում, եւ տուժողները գալիս, տեսնում ու ճանաչում են սպանվածին: «Հիմա ես ծնողների՞ն հավատամ, թե՞ տուժողներին»,- ասաց Ա. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի' ապրիլ-հունիս ամիսներին մայրաքաղաքի տարբեր համայնքներում արձանագրվել են մի շարք ավազակային հարձակումներ եւ բոլոր դեպքերում էլ բնակարաններ մուտք գործած անձը ներկայացել է որպես ջրմուղի աշխատակից: Ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձին ճանաչելու համար, տուժողների խոսքերով, կազմվել է կասկածյալի սուբյեկտիվ դիմանկարը, ըստ որի' ոստիկանների կողմից որոնվում էր ոչ թե կոնկրետ Արման Ենգիբարյանը, այլ սուբյեկտիվ դիմանկարում պատկերված անձը, որը ներկայանում էր ջրմուղի աշխատակից:
Հունիսի 14-ին ոստիկանությունում նոր ահազանգ է ստացվել, ըստ որի' անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկը: Ոստիկանները կասկածելով, որ հնարավոր է այդ դեպքը նույն շարքից է, անմիջապես մեկնել են ահազանգի հետքերով: Հետապնդելով ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվողին' մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, եւ մարդաշատ վայրում զենք է կիրառել: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո ստիպված են եղել վնասազերծել իրենց ուղղությամբ կրակողին: