Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիայում ոտնահարվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ոտնահարվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ոտնահարվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը, այդ մասին նշված է հունիսի 15-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացված' Թուրքիայում քրիստոնյաներին եկեղեցիների վերադարձի վերաբերյալ օրինագծին կցված զեկույցում: Ք. Մելքոնյանի խոսքով' զեկույցում նշվում է, որ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է միջամտել քրիստոնյա համայնքի ներքին կյանքին, ինչն անհանդուրժելի է:

«Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ այն հարցին, որ Թուրքիայում եկեղեցիները վերածվում են մզկիթների կամ քանդվում են: Սրանք այնպիսի հիմքեր են, որոնց առկայության պարագայում հավանակությունը մեծ է, որ այդ օրինագիծը կանցնի»,-ասաց Ք. Մելքոնյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացված մեկ այլ' Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծին, թուրքագետը նշեց, որ դրա քննարկումն իր բացասական ազդեցությունը կունենա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: Նրա խոսքով' այդ մասին խոսվում է նաեւ միջազգային մամուլում: Մասնավորապես' նշվում է, որ քննարկումը լուրջ լարվածություն կառաջացնի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախորդ օրինագծի քննարկման ժամանակ: Ք. Մելքոնյանի կարծիքով' հավանականությունը մեծ է, որ օրինագիծը կքննարկվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն լիագումար նիստ կմտնի, թե ոչ, դժվար է ասել: Նա նկատեց, որ օրինագծի վերաբերյալ Թուրքիան որեւէ արձագանք դեռ չի տվել, միայն տեղական մամուլն է տեղեկատվություն տարածել այդ մասին:

Այն հարցին, թե ինչու են օրինագծերը հիմա ներկայացվում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, այն դեպքում, երբ դրանք պատրաստ էին դեռ ապրիլին, Ք. Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ չի բացառվում,որ սպասում էին Թուրքիայում անցկացվող ընտրությունների արդյունքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում