Փաստ մեկնաբանությամբ

Ա. Մկրտչյան. «ՀՀ ռազմաօդային ուժերը պատրաստ են ճշգրիտ հարվածներ հասցնելու թշնամու թիրախին»

3 րոպեի ընթերցում

Ա. Մկրտչյան. «ՀՀ ռազմաօդային ուժերը պատրաստ են ճշգրիտ հարվածներ հասցնելու թշնամու թիրախին»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ռազմաօդային ուժերում ծառայում են հաղթողի հոգեբանությամբ օժտված եւ գաղափարապես կոփված զինվորականներ: Այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը' ավելացնելով, որ այժմ լուրջ աշխատանքներ են տարվում հանրապետության զինուժը ռազմաօդային կադրերով համալրելու ուղղությամբ, որոնք պատրաստակամ են հմտորեն եւ բարձր մակարդակով կատարել իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր' թե' գիշերային, թե' ցերեկային պայմաններում:

Բանախոսի հավաստմամբ' ՀՀ զինված ուժերում զարգացած է գրոհային եւ բանակային ավիացիան: «Ի տարբերություն ԽՍՀՄ-ի մյուս պետությունների, սովետական ռազմաօդային ուժերից մեզ ոչինչ չի հասել»,-նկատեց Ա. Մկրտչյանը' փաստելով, որ Հայաստանի Հանրապետությունն իր ազգային ռազմաօդային ուժերը սկսել է կառուցել հիմքից: «Բացի այդ, մենք ավիացիոն գեներով օժտված ազգ ենք եւ տվել ենք ճանաչված օդաչուներ, կոնստրուկտորներ»,-նշեց նա:

Գնդապետի համոզմամբ' հայկական ռազմաօդային ուժերն ունեն համապատասխան միջոցներ Ադրբեջանին հակահարված տալու համար եւ պատրատ են կետային, ճշգրիտ հարվածներ հասցնելու թշնամու ցանկացած թիրախին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին' վարչության պետի տեղակալը նշեց, որ նրանց կարողությունները չափազանցված են, եւ Ադրբեջանն իրականում չունի օդաչուների պատրաստման ազգային դպրոց: «Բացի այդ էլ, այնտեղ զգալիորեն առկա են փորձառու օդաչուներ պատրաստելու լուրջ խնդիրներ»,-նկատեց Ա. Մկրտչյանը' հպարտությամբ շեշտելով, որ Հայաստանն ունի հայրենի արտադրության շատ բարձրորակ անօդաչու ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են հիմանականում հետախուզական նպատակներով:

«Մեր տեխնիկան եւ մասնագետները պատրաստ են, եւ մշտապես վերապատրաստվում են»,-վստահեցրեց նա:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ,անդրադառնալով ադրբեջանական ռազմաօդային ուժերին, ասաց, որ դրանք ուռճացված են ներկայացվում, նրանք չունեն լեռնային վայրերում պատերազմական գործողությունների վարման համապատասխան փորձ: «Այսպիսի փորձ նույնիսկ գերտերությունների ռազմաօդային ուժերը ձեռք են բերում երկար տարիների աշխատանքների ընթացքում»,-վստահեցրեց նա' հավելելով, որ, ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ-ն ռազմաօդային ուժերի պատրաստման ազգային դպրոց ունի, ինչը եզակի երեւույթ է տարածաշրջանի համար, մինչդեռ ադրբեջանական կողմն այս հարցում դիմում է Թուրքիայի օգնությանը:

«Մենք ունենք համապատասխան միջոցներ, որպեսզի ապահովենք ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտպանությունը»,-համոզմունք հայտնեց Ա. Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում