Փաստ մեկնաբանությամբ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ է ներկայացվել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հունիսի 14-ին կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլլինոյս) եւ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա)' Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահների հետ համատեղ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել: Նրանք ընդգծել են ԱՄՆ-ի կողմից մարդկության դեմ գործված ոճրի դատապարտման հրամայականը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, 57 կոնգրեսականներ աջակցություն են հայտնել նոր բանաձեւին: Բանաձեւն արդեն իսկ ԱՄՆ նախորդ գումարման օրենսդիր մարմիններում բազմակուսակցական ուժեղ աջակցություն է ստացել. թիվ 106 եւ թիվ 252 բանաձեւերն ընդունվել են, համապատասխանաբար, 110-րդ եւ 111-րդ Կոնգրեսների ՆՊ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: «Իննսունվեց տարի առաջ 1,5 միլիոն մարդ սպանվեց, քանի որ հայ էր: Այս սարսափելի ողբերգությունը չպետք է հեգնվի. ազատության համար մարտնչող ԱՄՆ-ը պետք է ազնվորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը' ապագա ցեղասպանությունները կանխելու նպատակով»,-ասել է Ռ.Դոլդը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է կոնգրեսականների քայլը' պատմական փաստերի ճանաչման ու արդարության վերականգնման հանձնառության համար: «Այս օրինագիծը Միացյալ նահանգների համար լավագույն հնարավորություն է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանությունների կանխարգելման գործում ընդգծելու իր առաջնորդությունը»,-նշել է Բ.Արդունին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում