Փաստ մեկնաբանությամբ

Գորիսը` զբոսաշրջային կենտրոն

2 րոպեի ընթերցում

Գորիսը` զբոսաշրջային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի որոշմամբ' Գորիս քաղաքը հայտարարվեց զբոսաշրջային կենտրոն: Վեց ամիսների ընթացքում ՀՀ մշակույթի նախարությունը կմշակի եւ Կառավարության հաստատմանը կներկայացնի Գորիսի պատմամշակութային հիմնավորման նախագիծը, քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման եւ օգտագործման հայեցակարգը: Նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով' այս գործընթացում զբոսաշրջության ներդրումը պայմանավորված է զբոսաշրջային այցելությունների թվի աճով, ստացված եկամտի ավելացմամբ, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծմամբ: Նախարարի համոզմամբ' Գորիսն իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային եւ ազգագրական առանձնահատկություններով, ավանդույթներով ու արդեն իսկ զարգացող ենթակառուցվածքներով լուրջ հեռանկար ունի այլընտրանքային զբոսաշրջային կենտրոն դառնալու եւ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր տեղն ու դերն ունենալու համար:

«Գորիսն իր աշխարհագրական դիրքով ունի առանձնահատուկ բնություն, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի էկոլոգիական եւ արկածային զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց Հ. Պողոսյանը: Նա Գորիսի արժեքավոր հուշարձաններից առանձնացրեց Հին Գորիսը' վաղ շրջանի ամրոցով, ժայռափոր բնակելի եւ հասարակական համալիրներով, «Քրատակներով» եկեղեցին, դպրոցը, տպարանը, «Պասսաժի» խանութները, հյուրանոցը, լիմոնադի գործարանը, բաղնիքը, Միրումյանների, Յոլյանների ու Բադիրյանների առանձնատները եւ այլն: Նախատեսվում է հուշարձանների հանդեպ հատուկ վերաբերմունք ձեւավորել' ստեղծել արգելոց, ինչպես նաեւ հիմնել առանձին կառույցներ' տուն-թանգարաններ, հուշատուն-արվեստի կենտրոններ, ժայռափոր Գորիսի տարածքում ստեղծել տուրիստական հանգրվան: Ամենակարեւոր նպատակներից է Գորիսի օդանավակայանի վերագործարկումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում