Ա. Սիմավորյան. «Կնեսեթի կրթության հանձնաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը մեր օգտին է»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թեման իսրայելական խորհրդարանում' Կնեսեթում ակտիվացել է: «Նախկին երկու դեպքերում Մեծ եղեռնի հարցը քննարկվում էր Կնեսեթի միջազգային հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում, որի ներկայացուցիչները սերտ կապեր ունեին Թուրքիայի հետ: Այժմ այն գտնվում է կրթության հանձնաժողովում, ինչը մեր օգտին է միանշանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արես Սիմավորյանը:
Նրա խոսքով' կրթության հանձնաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը խոստանում է ավելի բաց քննարկումների իրականացնում: Միեւնույն ժամանակ, Ա. Սիմավորյանը չի բացառում, որ քննարկումը կարող է տապալվել: Իր այս կարծիքը փորձագետը հիմնավորում է նրանով, որ հանձնաժողովի ղեկավարը թուրքամետ եւ ադրբեջանամետ դիրքորոշում ունի: Բացի այդ, հանձնաժողովում կան արաբական կուսակցությունների ներկայացուցիչներ, «որոնք ոչ մի դեպքում չեն անի այնպիսի քայլ, որը կվնասի Թուրքիային»:
Ամեն դեպքում, Ա. Սիմավորյանը կարծում է, որ եթե Իսրայելն ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Հայաստանն ու Իսրայելը շատ ավելի լավ հարաբերություններ կարող են ունենալ: Նշենք, որ մայիսի 18-ին Կնեսեթը միաձայն որոշում է ընդունել հարցը հանձնել կրթության հանձնաժոովի քննարկմանը: Ըստ փորձագետի' դրան նպաստել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի լոբբիստական լուրջ աշխատանքը: