Փաստ մեկնաբանությամբ

Լ. Արոնյան. «Հենց մոտենում էի հաղթանակին, սկսում էի լարվել»

3 րոպեի ընթերցում

Լ. Արոնյան. «Հենց մոտենում էի հաղթանակին, սկսում էի լարվել»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեւոն Արոնյանը Հայաստանում է եւ պատրաստվում է աշխարհի թիմային առաջնությանը: «Երեւի առաջին անգամ էր, որ ֆավորիտ էի, աջակցությունը շատ էր, եւ դրանից կաշկանդվում էի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Կազանում անցկացված աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցապայքարում իր անսպասելի պարտությանը: Անհաջողության պատճառների շարքից նա բացառեց մրցակցի՝ Ալեքսանդր Գրիշչուկի ուժերը թերագնահատելը՝ նշելով, որ «անհնար է թերագնահատել մեկին, ով շախմատում նման դիրքի է հասել»: Փոխարենը, աշխարհում անհատական վարկանիշով երրորդ ուժեղագույն շախմատիստը չթաքցրեց իր գնահատականը մրցակցի խաղի վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ Գրիշչուկը վատ էր պարապել: Երկու պարտիաներում նա սեւերով պարտված դիրք ստացավ, իսկ դա այն բանի նշանն է, որ լավ չէր պատրաստվել»,- նշեց Լ. Արոնյանը: Միաժամանակ, գրոսմայստերը խոստովանում է, որ ինքը «շատ տարօրինակ» խաղաց՝ Գրիշչուկի «պարտված դիրքերից» չօգտվելով եւ նրան ոչ-ոքիների հնարավորություն տալով: «Մինչեւ հաղթած դիրք ստանալը լավ էի խաղում: Հենց մոտենում էի հաղթանակին, սկսում էի լարվել: Շատ էր լինում, որ անիմաստ ժամանակ էի կորցնում»,- ասաց՝ նա կատարելով սեփական խաղի հետադարձ վերլուծությունը:

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մայիսին կայացած հավակնորդների մրցամարտերը, շախմատային վերլուծաբաններից շատերի կարծիքով, անցան անկիրք, անգամ ձանձրալի: Անսպասելի էր նաեւ Բորիս Գելֆանդի հաղթանակը, քանի որ նա գոնե սկզբում ֆավորիտ չէր համարվում: Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե գուցե սա իր վերջին հնարավորությունն էր՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսին հավակնելու, Լ. Արոնյանը համոզմունք հայտնեց, որ ինքը դեռ կհասցնի նորից պայքարել՝ միաժամանակ նշելով, որ այս պարտությունից շատ բան սովորեց: «Չեմ կարծում, թե շատ սխալներ եմ թույլ տվել, բայց դրանք էլ չպիտի լինեին»,- նշեց նա' նկատելով, որ պարտությունը երբեմն ավելի օգտակար է լինում:

Խոսելով աշխարհի թիմային առաջնությունից, որը նախատեսված է հուլիսին Չինաստանի Նինբո քաղաքում, Լ. Արոնյանը նկատեց, որ հայկական շախմատում հաջողությունները վերջին շրջանում նվազել են, իսկ «Հայաստանի հավաքականն այն թիմն է, որը չի ուրախանում երրորդ տեղով, եթե անգամ Ռուսաստանի, Ուկրաինայի պես հավաքականներ կան»: «Եթե մի անգամ կարողացել ենք առաջինը լինել, էլի կլինենք»,- հույս հայտնեց Հայաստանի թիմը գլխավորող Լեւոն Արոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում