Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիայում խեղաթյուրվում են հայկական հուշարձանների մասին տեղեկությունները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում խեղաթյուրվում են հայկական հուշարձանների մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վարձք» ամսագրի 4-րդ համարը նվիրված է Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների մասին խեղաթյուրումներին, նաեւ մինչեւ այժմ անհայտ պատմաճարտարապետական հուշարձաններին: Այս մասին այսօր «Վարձք» ամսագրի 4-րդ համարի շնորհանդեսի ժամանակ նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը' հավելելով, որ նախկին երեք համարները եղել են թեմատիկ բնույթի թողարկումներ, իսկ չորրորդ համարը ստացել է ամսագրին հատուկ թեմատիկ բազմազանություն, նյութերի մատուցման նոր ուղղություն ու որակ:

«Չորրորդ համարում առանձին հոդվածով թողարկված է ուսումնասիրություն Թուրքիայում հայկական հուշարձանների հարեւանությամբ տեղադրվող ցուցանակների մասին, որոնք առաջինն են հայտնվում զբոսաշրջիկների տեսադաշտում, արդյունքում' հանդիսանում խաբեությունների առաջին աղբյուրը»,- նշեց Ս. Կարապետյանը' ընդգծելով, որ գրեթե բոլոր հուշարձանների ցուցանակները, որոնք մեծ մասամբ երկլեզու են' թուրքերեն ու անգլերեն, կրում են մտածված սխալներ: Դրանցում սխալ է ներկայացվում հուշարձանի մշակութային պատկանելիությունը, հիմնադրման թվականը, այն, թե ում կողմից է կառուցվել եւ այլն:

«Վարձք»-ի չորրորդ համարում նաեւ տեղ են գտել Ծառաքարի վանքի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որի մասին պատմական բազմաթիվ հիշատակումներ են եղել, սակայն մինչեւ վերջերս հայտնի չէր նրա հստակ վայրը: Կան նաեւ այժմ Սիրիայի տարածքում գտնվող միջնադարյան հայկական բնակավայր Քեսաբի մասին տեղեկություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում