Փաստ մեկնաբանությամբ

Զորակոչի տարիքը 19 սահմանելն` անիմաստ բյուրոկրատական քաշքշուկից խուսափելու միջոց

2 րոպեի ընթերցում

Զորակոչի տարիքը 19 սահմանելն` անիմաստ բյուրոկրատական քաշքշուկից խուսափելու միջոց

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորակոչի տարիքը 19 սահմանելը հնարավորություն կտա խուսափել անիմաստ բյուրոկրատական քաշքշուկներից, ինչպես նաեւ ավելի հանգիստ միջավայր կստեղծի ուսանողների եւ աշակերտների համար: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը' ավելացնելով, որ օրենքի ընդունումը հրատապ հարց էր, քանի որ 12-ամյա կրթական համակարգի ներդրման արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք դեռ ուսումը չավարտած' հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքին, եւ այդպիսով խախտվում է նրանց կրթություն ստանալու իրավունքը: «Եթե առանձին դեպքում խնդիրը կարգավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ, ապա 2012 թ. կունենանք 6 հազար նման դեպք, որոնք նպատակահարմար է կարգավորել օրենքով»,- նկատեց Արմեն Աշոտյանը' հավելելով, որ այդ օրենքը տարածվում է արական սեռի այն ներկայացուցիչների վրա, որոնց 18-ը լրանում է դպրոցում կամ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ: «Չի կարելի ասել, որ այսուհետ 19-ն է համատարած զորակոչի տարիքը»,- շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը:

Ա. Աշոտյանը նաեւ նշեց, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ՀՀ արդարադատության եւ պաշտպանության նախարարների հետ եւ ընտրվել է ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն միջոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում