Փաստ մեկնաբանությամբ

Ա. Աշոտյան. «Տնօրեններն էլ են արտագրում քննությունների ժամանակ»

2 րոպեի ընթերցում

Ա. Աշոտյան. «Տնօրեններն էլ են արտագրում քննությունների ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում այսօր անցկացվեց տնօրենների հավաստագրման հերթական քննությունը, որին հետեւեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քննությանը մասնակցեցին 93 գործող եւ հավակնող տնօրեններ' 95-ի փոխարեն:

Ինչպես նշեց նախարար Ա. Աշոտյանը, հավաստագրման քննությունների մեկնարկի ժամանակ հոռետեսներն ավելի շատ էին, որոնք չէին հավատում քննությունների անցկացման օբյեկտիվությանը, ինչպես նաեւ' դրա արդյունավետությանը: «Սակայն այսօր ամեն ինչ փոխվել է, եւ քննությունները մեզ համար սովորական են դարձել»,- նշեց նախարարը' ավելացնելով, որ ինքն այսօր վստահաբար կարող է նշել, որ չկա որեւէ կողմնակալ վերաբերմունք, եւ նա երաշխավորում է քննությունների օբյեկտիվությունը:

Ա. Աշոտյանը ցավ հայտնեց, որ տնօրեններն աշակերտներից ոչ պակաս հնարամիտ են, եւ վերջին քննությունների ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են ծածկագրեր: «Տնօրեններն աշակերտներից պակաս հնարամիտ չեն. տնօրեններն էլ են արտագրում քննությունների ժամանակ»,- նշեց նա' հավելելով, որ նկատվել է նաեւ, որ մասնակիցներն իրար հուշել են տարբեր տիպի ազդանշանների միջոցով: «Այդ իսկ պատճառով այսուհետ քննություններին կհետեւեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ այլ դիտորդներ»,- շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նա նաեւ այն կարծիքը հայտնեց, որ տնօրենի լավ անունից է կախված դպրոցի համբավը: «Իսկ լավ անուն ասելով' ես հասկանում եմ գիտելիքներով, կարողություններով եւ հմտություններով հարուստ մարդ»,- նկատեց նախարարը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, քննությունների երկրորդ փուլին նախատեսվում է, որ կմասնակցեն 1066 վերապատրաստված մասնակիցներ: Առաջին փուլին վերապատրաստվել են 450 տնօրեններ, քննությանը մասնակցել 360-ը, իսկ արդյունքում հավաստագիր ստացել 267-ը: Քննության անցկացման համար տրվում է 90 րոպե: Հարցաշարը բաղկացած է 60 հարցից, եւ անցողիկ շեմը համարվում է պատասխանների 90 տոկոս ճիշտ լինելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում