Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում բնակվում է 3 մլն 264 հազ. 600 մարդ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում բնակվում է 3 մլն 264 հազ. 600 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հանրապետության մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 264 հազար 600 մարդ. տարեսկզբի համեմատ աճը կազմել է 2 հազար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը' ավելացնելով, որ 2010 թ-ի ապրիլի մեկի տվյալների համեմատ' նշված ցուցանիշը գրանցել է 12 հազար 700-ի հավելաճ: «Ցավոք, 30 տոկոսով նվազել է բնական հավելաճի' բնական շարժի ցուցանիշը' այս եւ նախորդ տարվա եռամսյակների հարաբերությամբ' կազմելով 2400 մարդ»,-նկատեց Կ. Կույումջյանը' նշելով, որ ընթացիկ տարվա եռամսյակային տվյալներով հանրապետութոյունում գրանցվել է 10 հազար 251 կենդանի ծնունդ' նախորդ տարվա 10 հազար 620-ի դիմաց' արձանագրելով 3.5 տոկոսի անկում: Մահացությունների թիվն ընցացիկ տարվա ապրիլի մեկին կազմել է 7851' նախորդ տարվա' 7193-ի դիմաց. արձանագրվել է 9.1 տոկոսի աճ:

ԱՎԾ ներկայացուցչի խոսքով' հանրապետության բնակչության եւ նրա տեղաշարժերի մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար նույնքան կարեւոր են միգրացիոն տվյալները, որոնց ասպարեզում, ըստ պաշտոնական վիճակագրության, ստացվել է հետեւյալ պատկերը. առաջին եռամսյակում 20 հազար 400 -ով աճել են հանրապետությունից մեկնողները' ժամանողների նկատմամբ: «Սա, սակայն, մեկնած մարդկանց ցուցանիշը չէ, այլ նրանց մեկնումների քանակի, քանի որ միեւնույն անձնավորությունը կարող է մեկնում ու ժամանում գրանցած լինել մի քանի անգամ»,-բացատրեց մասնագետը' նշելով նաեւ, որ պաշտոնապես հաշվառվածների թիվն էլ 458-ով գերազանցել է հաշվառումից դուրս գրվածների թվին:

Մուտքերը հանրապետություն առաջին եռամսյակում կազմել են 350 հազար 147, իսկ ելքերը' 370 հազար 527' տարբերությունը 20 հազար 400 է' հօգուտ ելքերի:

«Այս պատկերը, սակայն, մշտական տեղաշարժերի հավանական բնութագիրն է միայն»,-նկատեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը' շեշտելով, որ ճշգրիտ հաշվարկ այս դաշտում հնարավոր չէ իրականացնել ոչ պաշտոնապես, ոչ էլ այլընտրանքային մեթոդներով: Ըստ նրա' մեկնողներն, օրինակ, իրենց մեկնումները գրանցում են բացառապես այն դեպքերում, երբ դրանք չգրանցելու հնարավորություն չունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում