Փաստ մեկնաբանությամբ

Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվում է

2 րոպեի ընթերցում

Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելողների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է. այստեղ են գալիս զբոսաշրջիկներ, որոնք նախկինում գուցե Հայաստանի անունն էլ չէին լսել: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը' ավելացնելով, որ քիչ-քիչ թեկուզ 10, 20, 50, 100 հոգանոց խմբերով սկսում են Հայաստանը ճանաչել աֆրիկյան, հեռավորարեւելյան, լատինաամերիկայն երկրների արշավախմբերը: «Իսկ Հայաստանից գնացողների ուղղությունները պայմանավորվում են մեր քաղաքացիների ճաշակով, ցանկությամբ»,- նկատեց նա' այս առումով առաջին հերթին նշելով այն հանգամանքը, որ Հայաստանում ծով չկա, հետեւաբար հայերը մեծ մասամբ ընտրում են այն երկրները, որոնք ծովային ծառայություններ են առաջարկում, ինչպես, օրինակ, Վրաստանը:

Մ. Ապրեսյանի խոսքով' ակտիվության առումով հատկանշական են Եգիպտոսը, Բուլղարիան, եվրոպական երկրներից շատերը, ինչպես նաեւ Թուրքիան: «Այդպիսի հստակ վիճակագրություն չունենք, մեր ռեսուրսները դրան չենք ուղղում, այլ մեր գերակա խնդիրներին' ներգնա եւ ներքին զբոսաշրջությանը»,- բացատրեց նա' ընդգծելով, որ մի քանի տարի է' Թուրքիայից էլ են սկսել շատ գալ, նույնիսկ աստիճանական աճ է արձանագրվում:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Արա Վարդանյանը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 22 տոկոս աճ' 113 հազար զբոսաշրջային այցելություններով: «Աճի տեմպերը, մեր կանխատեսումներով, կպահպանվեն առնվազն 20 տոկոսի սահմաններում»,- ասաց նա' ավելացնելով, որ այս ուղղվածությամբ միջոցառումներ ծրագրված են, ընթացքում էլ նախագծեր կան:

2010 թ-ին տուրիզմի ոլորտում արձանագրվել է 18.9 տոկոս աճ, որը, հետճգնաժամային տարվա համար, փոխնախարարի գնահատմամբ, բավական լուրջ աճ էր: Աճ է եղել նաեւ ճգնաժամի տարում, երբ համաշխարհային տուրիզմի սեկտորն անկում էր գրանցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում