Փաստ մեկնաբանությամբ

Երեւանում մոտ քսան վարորդ նախորդ շաբաթ ծխելու համար տուգանվել է

2 րոպեի ընթերցում

Երեւանում մոտ քսան վարորդ նախորդ շաբաթ ծխելու համար տուգանվել  է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության կողմից մոտ երկու տասնյակ վարորդ նախորդ շաբաթվա ընթացքում տուգանվել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի խախտման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության «Երեւանտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից' ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ամենօրյա վերահսկողություն է սահմանվում' պատահական եւ պարբերական ստուգումների ձեւով:

Վարչությունից նշեցին, որ օրենքը նախկինում եւս գործում էր, պարզապես այժմ նրա կիրառությունը փոքր-ինչ շեշտված եւ թիրախային է դարձել: Երեւանի քաղաքապետարանի այս քայլի նպատակը ոչ միայն վարորդներին, այլեւ մեզ բոլորիս սթափեցնելն է: Քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին միանալ ու աջակցել իրեն: Ըստ վարչության տվյալների' օրենքը խախտած վարորդները տույժերի, տուգանքների են ենթարկվել, միեւնույն տրանսպորտային միջոցում նախադեպը կրկնվելու դեպքում պատասխանատվության չափը մեծացվում է' ընդհուպ սպասարկող ընկերությանը տվյալ երթուղին սպասարկելու իրավունքից զրկելը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանագրային պարտականությունները չկատարվելու համար Երեւանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ թիվ 76 եւ 69 երթուղիները սպասարկող ընկերությունները զրկվել են այդ իրավունքից: «Իրականում կատարվում է օրենքի վերահսկողություն, եկեք բոլորս տեր կանգնենք մեր օրենքին»,- կոչ է անում Երեւանի քաղաքապետարանը:

Այսօր կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ' հիշեցնելով, որ դա օրենքի կոպիտ խախտում է: Այս համատեքստում քաղաքապետը նաեւ հանձնարարել է ներկայացնել առաջարկներ հանրային սննդի օբյեկտներում ծխողների եւ չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում