ՀՀ-ում ապահարզանների 10 տոկոսը բաժին է ընկնում մինչեւ մեկ տարի ամուսնացած զույգերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապահարզանների 10 տոկոսը բաժին է ընկնում մինչեւ մեկ տարի ամուսնացած զույգերին: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը' համաձայն կատարած վերլուծությունների: Ըստ նրա' դա կապված է նրա հետ, որ զույգերը հաճախ չեն հասցնում իրար հետ լավ ծանոթանալ, իմանալ դիմացինի պահանջները, կարողությունները եւ այլն:
Ա. Ադիբեկյանի խոսքով' Հայաստանում փեսացուները «ծերացել» են' 5, հարսնացուները' 3-4 տարով: «Ներկայում մեր երկրում փեսացուների միջին տարիքը 27 է, հարսնացուներինը' 24-25: Որքան ուշ են երիտասարդներն ամուսնանում, այնքան քիչ երեխա են ունենում, ինչը նպաստում է հասարակության ծերացմանը»,- նկատեց սոցիոլոգը:
Ըստ նրա իրականացրած հետազոտությունների' Հայաստանում յուրաքանչյուր 10 ամուսնական զույգերից 2-ը դիմում են ապահարզան ստանալու համար: Ամուսնալուծությունների մեծ մասը գրանցվում է Երեւանում:
2010-ին Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակներում գրանցվել է 17 հազար 964 ամուսնություն, 3147 ամուսնալուծություն: Նույն տարում չգրանցված ամուսնությունների, այսինքն' հայրության որոշումների թիվը կազմել է 14 հազար 282: