Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում ամուսնության գրանցման համար անհրաժեշտ կլինի ընդամենը 7 օր

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ամուսնության գրանցման համար անհրաժեշտ կլինի ընդամենը 7 օր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի: ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների' ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոններն ամուսնությունները կգրանցեն 7 օրում: Համապատասխան օրենսդրական նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Ա. Օրբելյանի խոսքով' այսօր բավականին մեծ քանակությամբ ընտանիքներ կան, որոնք որեւէ կերպ չեն ձեւակերպել իրենց հարաբերությունները, ինչը հետագայում բերում է որոշակի խնդիրների. ամուսնալուծությունն անհնար է դառնում, գույքային իրավունքների պահպանությունը բարդանում է:

«Հույս ունենք, որ ամուսնությունների գրանցման նոր ընթացակարգի շնորհիվ կավելանա ՔԿԱԳ կենտրոններում գրանցվող ամուսնությունների թիվը»,- ասաց Ա. Օրբելյանը' ավելացնելով, որ ամուսնությունների գրանցման նոր ժամկետը դրական կազդի նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործընթացի վրա:

Ամուսնության ժամկետը նվազեցնելը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից այնքան էլ դրական կերպով չի դիտարկվում: «Անհատի համար լավ է, բայց պետության համար' ոչ: Դա թույլ է տալիս շատ արագ «առեւանգել» Հայաստանի հարսնացուներին եւ փեսացուներին: Առաջ, եթե Հայաստանից հարսնացու ընտրելու համար մեր հայրենակիցները գալիս էին գոնե մեկ ամիս մնում հայրենիքում' ձեւակերպելու ամուսնությունը, ապա այժմ կգան մի քանի օրում բոլոր խնդիրները կլուծեն եւ կմեկնեն, ինչը կնպաստի արագ արտագաղթին»,- նկատեց Ա. Ադիբեկյանը:

Ա. Օրբելյանը համաձայն չէ այս կարծիքի հետ, թե 7 օրը քիչ է ամուսնության գրանցման համար: «7 օրը բավական է, որպեսզի ամուսնության առաջարկից հետո զույգերը մտածեն: Այսինքն' սահմանափակվել է պահի տակ ամուսնությունների քանակը», - ասաց նա:

Ի դեպ, Արդարադատության փոխնախարարը նշեց նաեւ, որ նոր օրինագծով պարզեցվում է ամուսնության գրանցման ընթացակարգը: Վերացվում է ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելության սահմանափակումը: Այդպիսով, շրջանների բնակիչներին թույլատրվում է ամուսնության պետական գրանցում կատարել նաեւ Երեւանի Քաղաքացիական ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության Ամուսնության պալատ ՔԿԱԳ տարածքային բաժնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում