Փաստ մեկնաբանությամբ

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձեւը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձեւը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում միաձայն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների, հավաքների եւ խոսքի ազատության լայնածավալ խախտումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը նշեց, որ Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի անդամները իրենց ելույթներում դատապարտել են Ադրբեջանի օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ կոչ են արել անհանդուրժողականություն ցուցաբերել ալիեւյան ռեժիմի նկատմամբ:

«Կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանը համարաժեք արձագանքել է ադրբեջանական իշխանությունների եւ ընդհանրապես ալիեւյան ռեժիմի վարած բռնի քաղաքականությանը»,- նշեց Պ.Դեմիրճյանը: Նա ողջունեց վերոնշյալ բանաձեւը' շեշտելով, որ այն արտահայտում է Ադրբեջանում տիրող իրական պատկերը' հաշվի առնելով նաեւ այն ռազմատենչ հայտարարությունները, որ Բաքվի ռեժիմը գրեթե ամեն օր տեղում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ:

Քննարկելով օրակարգի «Հիմնական ազատություններ, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» բաժինը' պատգամավորները միաձայն հաստատել են մի բանաձեւ, որով դատապարտում են Ադրբեջանում ցուցարարների ձերբակալումները, կիրառված բռնությունները եւ սարսափի մթնոլորտը, որը տարածվում է հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ: Խիստ դատապարտվել են Բաքվում անցկացվող անհիմն փաստերով «արագ դատավարություններն» ու բանտարկումները' կոչ անելով Ադրբեջանին' հարգել մարդու իրավունքները եւ միջազգային համաձայնագրերը:

Բանաձեւը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց' երաշխավորելով խոսքի եւ հավաքների ազատությունը: Այն նաեւ դատապարտում է ոստիկանության կողմից իրականացված բռնարարքները Բաքվի պետական համալսարանի ուսանողների դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում