Փաստ մեկնաբանությամբ

ԼՂՀ ՊՆ. «Ադրբեջանի գործելաոճին միջազգային հանրությունը պետք է համարժեք գնակատական տա»

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊՆ. «Ադրբեջանի գործելաոճին միջազգային հանրությունը պետք է համարժեք գնակատական տա»

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գործելաոճին' հրադադարի ռեժիմի խախտմանն ու դիպուկահարների կողմից հայազգի զինվորների ու քաղաքացիական անձանց սպանություններին միջազգային հանրությունը պետք է համարժեք գնակատական տա:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը' մեկնաբանելով հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի օրվա նախօրեին ադրբեջանական Զինված ուժերի կողմից Արցախի ուղղությամբ գնդակոծությունների փաստը, ինչի հետեւանքով երեկ զոհվել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը:

«Քանի դեռ միջազգային հանրությունն Ադրբեջանի նման քաղաքականությանը համապատասխան կերպով չի արձագանքում, պաշտոնական Բաքուն կշարունակի նման քաղաքականությունը»,- ասաց Ս. Հասրաթյանը: Ըստ նրա' այս 17 տարիների ընթացքում հայկական ստորաբաժանումները հավատարիմ են եղել հրադադարի ռեժիմի համաձայնագրին եւ շարունակել են պահպանել այն:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի կնքման 17 տարին: Փաստաթղթում, որը ստորագրել են այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, ասվում է. «Արձագանքելով Բիշքեկում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված կրակը դադարեցնելու մասին կոչին եւ հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը' հակամարտող կողմերը պայմանավորվել են ապահովել հրադադար եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում