Փաստ մեկնաբանությամբ

Ս. Հասրաթյան. «Առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել եւ ստանալու է անհամեմատ լուրջ պատասխան»

9 րոպեի ընթերցում

Ս. Հասրաթյան. «Առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել եւ ստանալու է անհամեմատ լուրջ պատասխան»

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության քարոզչական ծառայությունը շարունակում է լուրեր տարածել առ այն, թե իբր ղարաբաղյան կողմը շփման գոտու տարբեր հատվածներում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Որքանո՞վ են նման տեղեկությունները համապատասխանում իրականությանը, եւ ի՞նչ նպատակ են հետապնդում Բաքվի կողմից շրջանառվող այսօրինակ տեղեկությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս եւ այլ հարցերի վերաբերյալ հերթական անդրադարձն է կատարել ՊԲ Լրատվություն եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

«Որ հատկապես վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն առավել հաճախակի բնույթ են կրում, իրոք համապատասխանում է իրականությանը: Սակայն այլ հարց է, թե որ կողմն է հանդես գալիս նախահարձակի դերում, եւ ինչպիսի ուժեր ու միջոցներ են կիրառվում այդ գործողությունների ընթացքում: Այս հարցի պատասխանը ստանալու համար բերենք մի քանի ամփոփ տվյալներ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ընթացիկ տարվա ապրիլ ամսում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվել է շուրջ 6500 կրակոց: Առանձնացման արժանի է հատկապես այն հանգամանքը, որ խախտումների նշանակալի մասը ադրբեջանական կողմն իրականացրել է «CBD», «Սեւ նետ» եւ թուրքական արտադրության «ԻՍՏԻԳԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից:

Ի դեպ, պաշտոնական Բաքուն բազմիցս արդեն հրապարակավ հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանում նպատակասլաց աշխատանք է տարվում դիպուկահարների պատրաստման ուղղությամբ եւ այդ իսկ նպատակով Ռուսաստանից ու Թուրքիայից հանրապետություն է ներկրում համապատասխան քանակությամբ զենք ու հանդերձանք: Գաղտնիք չէ նաեւ, որ բացի սեփական ուժերից, Ադրբեջանն առաջին գծում պարբերաբար օգտագործում է նաեւ բավականին լավ վարձատրվող արտասահմանյան դիպուկահարների: Մի գործելաոճ, որն արդեն իսկ հարցականի տակ է դնում «հրադադար» հասկացողությունը: Ապացույցը սույն թվականի ապրիլի 28-ից 29-ը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ՊԲ-ում տեղ գտած կորուստներն են, որը մեկ անգամ եւս փաստեց, որ ադրբեջանական կողմը հակված է ոչ միայն շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունը, այլեւ իրեն հատուկ ցինիկությամբ կարող է կատարվածի վերաբերյալ տարածել իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկություններ:

Անդրադառնալով ապրիլի 29-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպերին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայկական կողմի տարածած հաղորդագրությունը որակեց հերթական կեղծիք: Դեռ ավելին, գնդապետ-լեյտենանտ Սաբիրօղլուն գործի դնելով սեփական երևակայությունը, ոչ ավել, ոչ պակաս ասաց հետեւյալը. «... Բոլորին է հայտնի, որ Ղարաբաղի եւ Հայաստանի հայերի միջեւ գոյություն ունի ատելություն: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ապրիլի 29-ի միջադեպը տեղի է ունեցել հենց այդ պատճառով: Զինվորը, որը Հայաստանի քաղաքացի է, ավտոմատից կրակելով սպանել է տեղացի երկու զինվորի...»

Որ ադրբեջանական պրոպոգանդան շարունակ հնարում եւ աշխարհով մեկ տարածում է նպատակաուղղված ապատեղեկատվությունների շարք, դա արդեն ակնհայտ է ոչ միայն մեզ, այլեւ օտարների համար: Այստեղ, թերեւս զարմանալին այն է, որ մեզ հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի քարոզիչները, գիտակցաբար, թե անգիտակցաբար, իրենց ճամբարում ունեցած հիմնախնդիրները, բավականին սիրողական մակարդակով, փորձում են վերագրել հայկական կողմին, մոռանալով, որ հայը հայի հետ չի կարող խնդիր ունենալ... Խնդիր կարող են ունենալ թալըշները, լեզգիները, ուդիները եւ Ադրբեջան կոչված տարածքում ապրող էլի մի շարք ազգություններ, որոնք պաշտոնական Բաքվի մամլակի տակ ոչ միայն աստիճանաբար կորցնում են իրենց ինքնությունը, այլեւ շատ հաճախ ադրբեջանական բանակում տեղ գտնող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների պատճառով ենթարկվում ֆիզիկական ոչնչացման: Բերենք մի քանի փաստեր:

Միայն 2011թ. չորս ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում սպանվել է 17 այլազգի զինծառայող, որից 7-ը' լեզգի, 6-ը' թալըշ, 3-ը' ուդի, 1-ը' ավար: Մասնավորապես, 1990թ. ծնված, ազգությամբ ավար Մամեդ Ազադալիեւը հունվարի 17-ին գնդակահարվել է զինակցի կողմից, լեզգի Մուզաֆար Փերիվերդիևը մարտի 14-ին անհայտ պայմաններում մահացել է զորանոցում, թալըշ Մուխտար Ջամբարլին ապրիլի 6-ին իրեն նետել է զորանոցի 4-րդ հարկից եւ մահացել, ապրիլի 21-ին չպարզված հանգամանքներում ինքնասպանություն է գործել ազգությամբ ուդի, 19-ամյա Էլչին Քերիմբեյլին...

Այս դեպքերի ցանկը, կարելի է շարունակել, բայց, թերեւս, այսքանն էլ բավարար է, որպեսզի մեր լսարանի համար պարզ դառնա, թե որն է ապատեղեկատվությունը եւ որը' իրականը: Իսկ այժմ այն մասին, թե ինչով է պայմանավորված առաջնային գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախականության նկատելի աճը, եւ ինչ կարող է տալ այն Բաքվի ռազմական ղեկավարությանը:

Ըստ միջազգային փորձագետների ընդհանրացված կարծիքի' ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գոտում լարվածության պահպանումը բացառապես պայմանավորված է Բաքվի ռազմատենչ մարտավարությամբ եւ հետապնդում է հետեւյալ նպատակները' նախ' անընդհատ հիշեցնել չավարտված պատերազմի վերսկսման հավանականության մասին, երկրորդ' սեփական երկրում ապահովել ներքաղաքական կայունությունն ու հանդուրժողականությունը, եւ երրորդ' միջազգային հանրության տեսադաշտում հայկական կողմը ներկայացնել որպես սադրիչ գործողությունների նախաձեռնող:

Թե որքանով է Ադրբեջանին հաջողվում կյանքի կոչել իր այս մտահղացումները, կարելի է կռահել տվյալ երկրում օր օրի աճող ներքաղաքական ընդվզումների հաճախականությունից եւ իհարկե, պաշտոնական Բաքվի միապաղաղ ու անիմաստ հայտարարությունների հանդեպ միջազգային հանրության կողմից դրսեւորվող չեզոքությունից: Իսկ ահա, թե իրականում ինչ են տալիս եւ ինչ կարող են տալ առաջնային գծում ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունները, դժվար չէ պատկերացնել, մանավանդ որ մեր ձեռքի տակ ունենք ահա այսպիսի վիճակագրություն:

2011թ. անցած 4 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 3200 անգամ, որի հետեւանքով հայկական կողմը տվել է 5 զոհ, 4 վիրավոր: Նույն ժամանակահատվածում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների, հայկական կողմն առաջնային գծում կրակ է բացել մոտ 150 անգամ: Համաձայն նույն աղբյուրի' ընթացիկ տարում ադրբեջանական բանակում արձանագրված 51 զոհի եւ 29-ի վիրավորի շուրջ 40 տոկոսը վերագրվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Եթե հիմք ընդունենք Ադրբեջանի կողմից տարածված պաշտոնական վիճակագրության այս տվյալները, ապա ստացվում է, որ հակառակորդը շուրջ 20 անգամ ավելի է խախտել հրադադարի ռեժիմը, քան ղարաբաղյան կողմը: Բայց ահա, հակառակ' կողմերից յուրաքանչյուրի իրականացրած կրակային խոցման հաճախականության, Ադրբեջանի կրած կորուստների թիվն անհամեմատ մեծ է, իսկ ավելի կոնկրետ 5-ը 1-ի դիմաց... Թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել:

Բայց որ հակառակորդի կողմից առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել եւ ստանալու է անհամեմատ լուրջ պատասխան, եւ որ նրա ասկյարը մշտապես լինելու է սարսափի ազդեցության տակ, դա միանշանակ է...»,- նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում