Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ժողովրդագրական տվյալների վիճակագրությունը: Հունվար- մարտին կենդանի ծնունդների թիվը 3,5 տոկոսով նվազել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' 10 625-ից դառնալով 10 251: «Այսպիսով' հազար բնակչի հաշվով ծնվել է 12, 7 երեխա»,-մանրամասնեց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով' մեռելածնության դեպքերի ցուցանիշն, ընդհակառակը, աճել է' նախորդ տարվա առաջին եռամսյակի 202 դեպքի համեմատ այս տարի դառնալով 219: «Այս հանգամանքը պայմանավորված է այն օրենսդրական բարեփոխումներով, որոնց համաձայն' Երեւանի ծննդատներում բոլոր ծնունդներն այսօր գրանցվում են' անկախ նրանից' ծնողները Երեւանի, թե մարզերի բնակիչներ են»,- ասաց Կարինե Կույումջյանը:
2011-ի առաջին եռամսյակում գրանցվել է 7 851 մահ: «Ստացվում է' այդ թիվը 9,1տոկոսով աճել է անցած տարվա 7 153-ի համեմատ: Հանրապետության բնական հավելաճը պակասել է 30 տոկոսով»,- հայտնեց ԱՎԾ բաժնի պետը:
Նրա խոսքով' կյանքի սպասվող միջին տեւողության մասին վիճակագրությունն այսօր առաջին անգամ է հրապարակվում, սակայն տվյալները 2009 թվականին արված ուսումնասիրությունների հիման վրա են:»Կյանքի սպասվող տեւողության հանրապետական միջին ցուցանիշը 73, 9 տարին է, ընդ որում' կանանցը' 77, իսկ տղամարդկանցը' 70,6 տարին: Մահացության պատճառների մեջ առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են»,- ասաց նա:
Ըստ ԱՎԾ տվյալների' այս տարվա հունվար-մարտի ընթացքում շատացել են ամուսնությունները, բայց զուգահեռ' նաեւ ամուսնալուծությունները: Հազար զույգի հաշվով այս տարվա առաջին եռամսյակում 169, իսկ անցած տարի 160 զույգ է ամուսնալուծվել: