Փաստ մեկնաբանությամբ

Ըստ Ա. Գոչունյանի` Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը փորձում է բացահայտել հայազգի զինվորի մահվան դեպքը

3 րոպեի ընթերցում

Ըստ  Ա. Գոչունյանի` Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը փորձում է բացահայտել հայազգի զինվորի մահվան դեպքը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, բարձրաստիճան ղեկավարությունը ցանկություն են դրսեւորում' բացահայտելու ապրիլի 24-ին թուրքական զորամասում սպանված հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըի մահվան դեպքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶՈւ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվել էր, որ Սեւակը մահացել է պատահականության արդյունքում' զինծառայակցի հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից:

Սեւակի թաղման արարողությունը տեղի է ունեցել երեկ: Հայազգի զինվորի դին գերեզմանատուն է տարվել Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցուց, որտեղ էլ կայացել է հոգեհանգստի արարողությունը: Ըստ Արա Գոչունյանի' Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարությունը եւ Ստամբուլի քաղաքապետը ծաղկեպսակ էին ուղարկել, իսկ պետնախարար Էգեմեն Բաղըշը, Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, Հրանտ Դինքի այրին, Պոլսո փոխպատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մասնակցել են թաղման արարողությանը:

Ըստ Գոչունյանի' առաջիկա օրերին Սեւակի ընտանիքը փաստաբանների հետ միասին այցելելու է տղայի մահվան վայր' պարզելու դեպքի հանգամանքները, բացատրություններ ստանալու: «Սեւակի ընտանիքը նշել է, որ ԶՈւ-ի բարձրաստիճան ղեկավարությունը մեծ ուշադրություն է ցուցաբերում իրենց նկատմամբ եւ առաջարկել օժանդակություն: Կարծում եմ' բոլորը պետք է սպասեն դեպքի պաշտոնական վարկածին' չանելով սեփական հետեւությունները»,- ասաց «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը' հավելելով, որ Սեւակի մահվանը բավական լայնորեն անդրադառնում են նաեւ տեղական լրատվամիջոցները:

Ի դեպ, պարզվել է, որ նախորդ ամիս Սեւակը ծեծի էր ենթարկվել հրամանատարի կողմից: Թուրքական «Aydınlık» թերթի լրագրող Մեհմեդ Ֆարաչը գրել է, որ իրեն զանգահարել է Հռիփսիմե Հակոբյան անունով մի կին' հայտնելով, որ իր փեսային սպանել են: «Երիտասարդ աղջիկն արտասվում էր եւ ասում, որ իր նշանածին սպանել են: Նա չգիտեր, թե ինչ հանգամանքներում էր սպանվել Սեւակը, սակայն մի քանի բան պատմեց: Օրինակ' զորամասում նախորդ ամիս մի զինվոր 50 լիրա էր կորցրել, որի համար հրամանատարը ծեծի էր ենթարկել Սեւակին եւ եւս մեկ զինծառայողի: Սեւակը զորամասի հրամանատարի դեմ բողոք էր ներկայացրել, սակայն հետ էր վերցրել այն' սպառնալիքների պատճառով: Աղջիկը պատմեց, որ սպառնացել են, թե կվառեն Սեւակին»,- գրել է Մեհմեդ Ֆարաչը:

Նշենք, որ 25-ամյա Սեւակն ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում: Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում