Է. Շարմազանով. «Հայոց ցեղասպա-նությունը քաղաքակիրթ մարդկության ամոթն է»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարեւոր է ոչ միայն հայ ազգի, այլ աշխարհի մարդկության համար, որպեսզի նոր ցեղասպանություններ տեղի չունենան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին զոհ գնացին ոչ միայն մեկ ու կես միլիոն հայեր, այլեւ շուրջ մեկ միլիոն հույներ ու ասորիներ:
«Կարծում եմ, որ այս հարցում ոչ միայն հայությունը պետք է անելիք ունենա, այլեւ ողջ առաջադեմ միջազգային հանրությունը, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության ամոթն է: Քանի դեռ ողջ մարդկությունը չի ճանաչել ու դատապարտել Մեծ եղեռնը, վտանգ կա, որ 21-րդ դարում` ժողովրդավարության դարաշրջանում, կլինեն նոր ցեղասպանություններ: Թուրքիան պետք է կարողանա չկեղծել պատմությունը եւ հաշտվել ու ընդունել այն, ինչպես դա արեց Գերմանիայի կառավարությունը հրեաների նկատմամբ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` ոչ ոք այսօր չի հերքում 1915թվականին կատարվածը, պարզապես քաղաքական շահերից ելնելով շատերը չեն արտաբերում «ցեղասպանություն» եզրույթը: