Փաստ մեկնաբանությամբ

Գ.Սահակյան. «Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվում է եւ պիտի շահագործվի»

2 րոպեի ընթերցում

Գ.Սահակյան. «Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվում է եւ պիտի շահագործվի»

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցելությունից հետո բանակցային գործընթացում բեկումնային իրավիճակ չի ստեղծվել: Խորհրդարանական ճեպազրույցներում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Դրանք անընդհատ հանդիպումներ են, որոնք միտված են բանակցային գործընթացում հնարավոր նոր արդյունքների հասնելուն»,- շեշտեց Գ.Սահակյանը: Անդրադառնալով համանախագահների` ապրիլի 14-ի հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվում նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը` պատգամավորն ասաց, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցել-չկառուցելու հարցը համանախագահների լիազորությունների կամ քննարկման շրջանակներից դուրս է:

«Բնականաբար օդանավակայանը կառուցվում է ու պիտի շահագործվի»,-հայտարարեց Գ.Սահակյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նույն հայտարարության վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ իրենք պաշտպանում են Հայաստանի իշխանությունների` Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելուն ուղղված քաղաքականությունը: «Ղարաբաղի օդանավակայանի գործարկումը, տնտեսության զարգացումը, կապերի ամրապնդումը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մյուս երկրների հետ ներդրում է հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ ես կոչ եմ անում` այդ տեսանկյունից նայել հարցին»,- շեշտեց Ա.Սաֆարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում