Հայաստանում նախատեսվում է հիմնել ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակ

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում շարունակվում է թմրամոլության հետ կապված իրավախախտումների աճի միտումը: Ներկայում հաշվառման մեջ է 164 օնկոլոգիական հիվանդ եւ 112 մետադոնային բուժում ստացող թմրամոլ: Հանրապետությունում իրականացվում են թմրամոլության դեմ պայքարի տարբեր միջոցառումներ, հատկանշական են անցյալ տարվա համալիր միջոցառումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետությունում ստեղծման փուլում է տեղեկատվական բազան` հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների, նման գործունեությանն առնչվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ` վերլուծական աշխատանքներ իրականացնելու, ինչպես եւ իրավասու այլ պետական մարմիններին, այդ թվում` թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիթորինգի կենտրոնին տրամադրելու համար:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` կենտրոնին պարբերաբար կտրամադրվեն տեղեկություններ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հայտնաբերված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի վերաբերյալ: Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում նախատեսվում է կազմակերպել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, թմրամոլության կանխարգելման ուսումնական ծրագիր:

Հայաստանում 2011 թ-ին նախատեսվում է հիմնել ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակ, ինչպես նաեւ նախատեսվում է գրասենյակի ծրագրերի իրականացման ստորաբաժանման ղեկավարի այցը Հայաստան` ՀՀ պաշտոնյաների հետ քննարկելու ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: 2010 թ-ի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1524 դեպք, որը 286-ով կամ 23,1 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

Ընդհանուր առմամբ, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 126 կգ 521 գ տարբեր թմրամիջոց` 2009 թ-ի 56 կգ 762 գ-ի դիմաց, ինչպես եւ 76,4 գ հոգեմետ նյութ, 16,7 լիտր պրեկուրսոր: Տարվա ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 854 անձ: Նշված անձանցից 21-ը կանայք են, 2-ը` անչափահասներ, 58-ը` այլ երկրների քաղաքացիներ:

Նույն ժամանակաշրջանում առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել 295 անձ, որը 173-ով կամ 141,8 տոկոսով շատ է 2009 թ-ից:Թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիթորինգի եւ համաճարակաբանության ոլորտի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության եւ ներդրման ապահովման նպատակով` 2010 թ-ին դասընթացներ են իրականացվել 111 ուսանողների համար: Հետագա ուսումնական գործընթացն արդիականացնելու նպատակով նախապատրաստվում են ուսումնական ձեռնարկներ եւ այլ նյութեր, որոնք պատրաստ կլինեն 2011 թ-ին:

2010 թ-ի ընթացքում որոշակի աշխատանքներ են կատարվել ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ: ՀՀ կառավարության որոշմամբ` անցյալ տարի հաստատվել է «2010-2012 թթ-ի ընթացքում ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, նշանակվել են առանձին միջոցառումների կատարման համար պատասխանատու գերատեսչություններ:

Թմրամիջոցների հետ կապված վարակիչ հիվանդությունների (հեպատիտ C) նկատմամբ պետական վիճակագրական հաշվետվության համակարգի սահմանումն ապահովելու համար մշակվել են համաճարակաբանական հսկողության էլեկտրոնային համակարգի սանիտարական կանոններն ու նորմերը, որով սահմանվել է վարակիչ հիվանդությունների հաշվառման, հաղորդման եւ հաշվետվության համակարգը:

Հաշվառման ենթակա վարակիչ հիվանդությունների հաշվետվական ձեւերը կներդրվեն 2011 թ-ի ընթացքում: Հաշվետու տարում իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկա եւ Փորձաքննությունների ազգային բյուրո փորձաքննության ներկայացված 1631 անձանցից հաշվառման են վերցվել 1153-ը, որից 17-ը կանայք են, 32-ը` Իրանի Իսլամական Հանրապետության եւ 1-ը` Իսպանիայի քաղաքացիներ: 2010 թ-ի ընթացքում «ԱՐՄՖԱՐՄԱՑԻԱ» ՓԲԸ-ի կողմից Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 306 հազար սրվակ թմրամիջոց, որոնք օգտագործվում են բուժհիմնարկներում:

Տարվա ընթացքում «02» հաղորդաշարով եթեր է հեռարձակվել թմրամոլության դեմ պայքարին նվիրված 43 տեսանյութ, «02» շաբաթաթերթում տպագրվել է 62 հոդված: Հեռուստաընկերություններին տրամադրվել են թեմային առնչվող տեսանյութեր` թեմատիկ տեսահոլովակներ նախապատրաստելու եւ հատուկ շարքի հեռուստառադիոհաղորդումներ կազմակերպելու համար: ՄԱԿ-ի զարգացման եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակների կողմից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ ՀՀ ոստիկանության ակադեմիայում հիմնվել է համակարգչային ուսումնական լսարան` կահավորված 25 համակարգիչներով, որոնք ապահովված են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը վերաբերող թեմաներով` համակարգչային ուսուցողական ծրագրերով:

2010թվականի օգոստոս-սեպտեմբերին ոստիկանության ու պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ուժերով անցկացված «Կանեփ-կակաչ-2010» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման ընթացքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է վայրի աճած եւ ապօրինի աճեցված 97 հազար 104 կգ կանեփի եւ 23 կգ կակաչի զանգվածներ: Հարուցվել է 5 քրեական գործ` մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու փաստերով:

Ձերբակալված անձանց պահելու վայրերի եւ քրեակատարողական հիմնարկների կրտսեր եւ ավագ սպայակազմի համար անցկացվում են սեմինար-խորհրդակցություններ, հատուկ դասընթացներ` այդ հիմնարկներում թմրամոլության կանխարգելման ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից անչափահասների եւ երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանման նպատակով մշակվել է 2011-2012 թթ-ի միջոցառումների փաթեթ: Հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարաններում ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված ծրագրի եւ ուսումնական նյութերի հիման վրա ներդրվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

Դասընթացի ծրագրում ընդգրկված է երիտասարդության շրջանում թմրամոլության դեմ պայքարին վերաբերող տեղեկատվություն: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից 2010 թ-ի օգոստոս-սեպտեմբերին իրականացվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը վարող ուսուցիչների եռօրյա վերապատրաստում, որտեղ ներառված են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ նյութեր:

Հայերեն

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին