Փաստ մեկնաբանությամբ

Ն. Զոհրաբյանը ԵԽ-ից պահանջել է հետեւողական լինել որոշումների մեջ եւ դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա

4 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյանը ԵԽ-ից պահանջել է հետեւողական լինել որոշումների մեջ եւ դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել զեկույցով` «Միջկրոնական եւ միջմշակութային հանդուրժողականություն» թեմայով, որի կոնտեքստում խոսել է մի քանի խնդիրների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում Ն. Զոհրաբյանը` նա Եվրախորհրդի առջեւ բարձրացրել է Ադրբեջանի կողմից Ջուղայում իրականացված մշակութային վանդալիզմի մասին հարցը` նշելով, որ վանդալները, որոնց կրոնական, քաղաքական անհանդուրժողականությունն այլոց մշակույթի հանդեպ հանգեցնում է մշակութային ցեղասպանության, մինչ այժմ չեն պատժվում:

Այնուհետեւ Ն. Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին հարցրել է, թե ինչպես եվրոպական կառույցը պետք է խթանի հարգանքը կրոնական բազմակարծության հանդեպ: «Ներկայացրել եմ փաստեր, թե ինչպես 1998-ին պաշտոնական Ադրբեջանը հետեւողականորեն սկսել է իրագործել Նախիջեւանի Ջուղա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը, այնուհետեւ` 2005-ին հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակույթի բացառիկ արժեքներից մեկն է, ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրին հողին եւ վերածեցին ռազմական բազայի»,- ասաց Զոհրաբյանը:

Վերջինս հիշեցրել է, որ Ադրբեջանն անդամակցելով Եվրոպայի Խորհրդին` պարտավորվել է ընդունել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանումը, վկայակոչել նաեւ ադրբեջանցի լրագրող Աբասովին, որը 2006-ին լինելով Ջուղայում` ընդունել է, որ իր հայրենակիցներն ամեն ինչ հիմնահատակ ոչնչացրել են: Ն. Զոհրաբյանը ԵԽ-ին հիշեցրել է նաեւ, որ վերջինս պետք է հետեւողական լինի իր իսկ ընդունած որոշումները կատարելու մեջ:

«Բոլորս հիշում ենք, որ 2007-ին ԵԽ-ն որոշեց դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա, սակայն այդ առաքելությունը կասեցվեց` Ադրբեջանի շանտաժի պատճառով: Կոչ եմ արել ԵԽ-ին` հետեւողական լինել իր որոշումների իրականացման մեջ եւ վերականգնել Ջուղա դիտորդական առաքելություն ուղարկելու վճիռը»- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին` թույլ չտալով մշակութային ցեղասպանություն: Դիմելով վեհաժողովի անդամներին` Ն. Զոհրաբյանը նշել է նաեւ, որ իր ձեռքի տակ են վավերագրական կադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները քանդում Ջուղայի բացառիկ խաչքարերը եւ պատրաստականություն է հայտնել` դրանք տրամադրելու ներկաներին:

«Արդեն իսկ մի քանի պատգամավորների տրամադրել եմ «Ջուղա. 21-րդ դարի վանդալներ» վավերագրական ֆիլմը` մի քանի լեզուներով»,- ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը: Իր ելույթում Ն. Զոհրաբյանը խոսել է նաեւ մշակութային անհանդուրժողականության մեկ այլ դրսեւորման` Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու դեպքի վերաբերյալ: «Թուրքիան դեմոկրատական իմիջ պահպանելու համար վերականգնեց եկեղեցին, սակայն թույլ չտվեց գմբեթին խաչ տեղադրել, որը ոչ այլ ինչ է, քան կրոնական անհանդուրժողականության բացառիկ դրսեւորում»,- իր ելույթում ընդգծել է Ն. Զոհրաբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում