Հասարակական

Նշվեց հայ բեմի մեծանուն վարպետ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 80-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: (թղթ. Վանիկ Սանթրյան): 20-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց հայ բեմի մեծանուն նոր վարպետների ասպարեզ գալով: Նրանց թվում էր նշանավոր թատերական գործիչ, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը (1923-1988 թ.թ.), որի ծննդյան 80-ամյակն այս օրերին նշում է հանրապետության թատերասեր հասարակայնությունը: Հոբելյանական հանդիսավոր երեկոն տեղի ունեցավ այսօր, Հրաչյա Ղափլանյանի անունը կրող Երեւանի դրամատիկական թատրոնում: Հրապարակվեցին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արարողությանը ներկա Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի շնորհավորական ուղերձները, իսկ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թամար Պողոսյանը բեմից հղեց իր բանավոր շնորհավորական խոսքը: Երեկոյում, որը վարում էին թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը եւ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, հրապարակվեցին նաեւ հոբելյանի առթիվ ռուսական բեմի նշանավոր վարպետներ Կիրիլ Լավրովի եւ Միխայիլ Ուլյանովի ողջույնի հեռագրերը, որոնք ժամանակին եղել են Համամիութենական թատերական եւ Համառուսական թատերական ընկերությունների նախագահները եւ 1988 թվականին ժամանել են Երեւան, մասնակցել Ղափլանյանի հուղարկավորությանը: Հրաչյա Ղափլանյանի մասին խոսք ասաց արձակագիր եւ դրամատուրգ, նրա երկար տարիների եւ նրա հիմնադրած Երեւանի դրամատիկական թատրոնի բարեկամ Պերճ Զեյթունցյանը: Նա պատմեց այն մեծ աշխատանքի մասին, որ Ղափլանյանը կատարել է Երեւանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի անվան եւ Երեւանի դրամատիկական թատրոններում: Նա իրականացրել Է ավելի քան 150 բեմադրություններ, որոնք պատվավոր տեղ են գրավել ոչ միայն հանրապետական ու համամիութենական, այլեւ համաշխարհային թատերական կյանքում: Այսպես, առաջին անգամ Խորհրդային Միությունում՝ Երեւանում, նա բեմադրեց Շեքսպիրի «Կորիոլանըե՝ Խորեն Աբրահամյանի դերակատարմամբ, որին ամենաբարձր գնահատականը տվեցին գերմանական ու անգլիական մամուլը, թատերական քննադատները: Ղափլանյանը հաջողությամբ բեմադրություններ է իրականացրել Մոսկվայի Վախթանգովի անվան, Փոքր, Բրատիսլավայի թատրոններում, իր ներկայացումներում ընդգրկելով բեմի մեծանուն վարպետների, ինչպիսիք են Ուլյանովը, Բիստրիցկայան, Գրիցենկոն, Լանովոյը եւ ուրիշներ: Նրա ջանքերով Հայաստանում, Խորհրդային Միությունում առաջինը ստեղծվեց «Բարեկամությունե թատրոնը, Երեւան հրավիրելով Միության տարբեր ժողովուրդների առաջնակարգ թատրոններին: Բայց Ղափլանյանի սխրանքը նոր՝ Երեւանի դրամատիկական թատրոնի ստեղծումն էր, որը բռնեց ժամանակի դժվարին քննությունը եւ, ահա, ավելի քան երեքուկես տասնամյակ ներկայացումները է տալիս լեփ-լեցուն դահլիճներում: Հրաչյա Ղափլանյանին ձոնեցին իրենց ելույթները ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, այլ խաղընկերներ, ստեղծագործական միությունների, դրամատիկական թատրոնների ղեկավարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում