1 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից՝ մատնանշելով հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումների ծավալը և արբանյակային կապի պահպանվող սահմանափակումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այս մասին ասել է ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վերջին երեք ամսում Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է Patriot համակարգերի ընդամենը 24 որսացող հրթիռ, մինչդեռ ամսական միջինում անհրաժեշտ է 350-ը։
«Մենք չենք լացում և չենք գոռում, բայց սա շատ կարևոր է։ Ես պարզապես փորձում եմ ասել, որ յուրաքանչյուր հրթիռ կարևոր է»,– նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական զինուժի համար կարևոր Starlink արբանյակային կապի համակարգը շարունակում է գործել սահմանափակումներով։
«Այն աշխատում է, բայց դեռ սահմանափակված է»,– ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ շարունակում է երախտապարտ լինել ԱՄՆ-ին գործընկերության համար։ Միաժամանակ նա վերահաստատել է գործող շփման գծի երկայնքով մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ուկրաինան չի համաձայնի լրացուցիչ տարածքներ զիջել Ռուսաստանին։