Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրը կվերածվի ժամանակակից արվեստի կենտրոնի. նախագծի մեկնարկը տրված է. Podcast

5 րոպեի ընթերցում

2023 թվականին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացրել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու նախագիծը, որը հավանության է արժանացել։  

Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցն օրեր առաջ փոդքասթի ձևաչափով զրուցել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի հետ։

-Կխնդրեմ մի փոքր բացել նախագծի փակագծերը․ ինչպե՞ս է ծնվել գաղափարը։ Նախագծի հիմքում ի՞նչ առաջնահերթություններ են ընկած։

-Շնորհակալ եմ, որ «Արմենպրես»-ի ուշադրության կենտրոնում է այս նախագիծը, քանի որ սա ոչ միայն արվեստի ոլորտում ստեղծագործող և գործող մարդկանց համար է կարևոր, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար։ Մեր գործունեության ընթացքում փաստեցինք, որ արվեստային և մշակութային կյանքը շատ է կենտրոնացած մայրաքաղաքում։ Ցանկացանք մեր ուժերի չափով նպաստել արվեստի ապակենտրոնացմանը։ Բոլորի համար հայտնի իրադարձությունների հետևանքով Սյունիքի մարզը հատկապես 2023 թվականից հետո վտանգված էր, ուստի ցանկացանք այդ մարզի սահմանամերձ գյուղերից մեկում իրականացնել մեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանանք արվեստի և մշակույթի միջոցով պահպանել և ամրակայել այդ տարածքը։ Մեր ընտրությունը կանգ առավ Շվանիձոր բնակավայրի վրա։ Այն շատ հայտնի է իր պատմամշակութային տարբեր հուշարձաններով և Արաքսի ափին է։ Թվում է՝ ձեռքով հնարավոր է դիպչել Իրանի լեռներին։

2023-ից մեկնարկեցինք նախապատրաստական աշխատանքները։ Շվանիձոր բնակավայրի ղեկավարի, Մեղրիի համայնքապետի հետ հանդիպման արդյունքում գաղափարի իրականացման համար Շվանիձորում մեզ տրամադրվեց յոթ տարածք՝ որպես մեկնարկային կառույցներ, որոնք հիմք կհանդիսանան բուն բնակավայրը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու համար։

-Ո՞ր տարածքների մասին է խոսքը։

-Այդ տարածքներից է Շվանիձորի մշակույթի տունը, որը Խորհրդային Միության ժամանակ եղել է բացառիկ կառույց։ Մշակույթի տունն ունի մեկ ընդհանուր պատ եկեղեցու հետ։ Խորհրդային տարիներին Շվանիձորում գործել է գործարան, որտեղ արտադրվել են ուղղաթիռների համար հատուկ մասեր, առանց որոնց Խորհրդային Միության ուղղաթիռները չէին կարող գործել։ Այդ գործարանը ևս կդառնա մեր նախաձեռնության մի մասը։ Այն կվերածվի թանգարանի։ Կան տարածքներ, որոնք այս պահին ավերակներ են, բայց պահպանված են երկու կամ երեք պատ։ Յուրաքանչյուր տարածք ունենալու է իր գործառույթը։ Յուրաքանչյուր տարածքում ընդգրկված են լինելու բնակիչները, որոնց համար նաև այս ծրագրի միջոցով ստեղծվում են աշխատատեղեր։

-Կխնդրեմ նաև անդրադառնալ «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ի, որն արդեն մեկնարկել է։

-Փառատոնի շրջանակում Երևանից յոթ արվեստագետ մեկնել է Շվանիձոր։ Իսլանդիայից ժամանել է երկու արվեստագետ՝ հատուկ այս փառատոնին մասնակցելու համար։ Այս արվեստագետները՝ և՛ հայ, և՛ օտարազգի Շվանիձորում անցկացնում են վարպետության դասեր, կազմակերպվում են տարբեր պանելային քննարկումներ, որոնց թեման մասնավորապես ուղղված է մշակույթի ապակենտրոնացմանը և Սյունիքի մարզում յուրաքանչյուր տարի բոլոր մարզերի արվեստագետների հավաքատեղի ստեղծելուն։

-Շվանիձորի բնակիչները ոգևորությա՞մբ ընդունեցին փառատոնը։ Ակտիվություն նկատվո՞ւմ է։

-Երբ առաջին անգամ մեկնեցինք Մեղրի, հետո Շվանիձոր, մարդկանց մոտ   թերահավատություն կար, որովհետև շատերն են գնում այնտեղ, ինչ-որ բան ասում և վերադառնում։ Մարդիկ մնում են սպասելով ինչ-որ նախագծի, և երբ իրենք տեսան, որ մենք ուղղակի չենք խոսում, այլ նաև գործնական քայլեր ենք ձեռնարկում, ոգևորությունը մեծ էր։ Բառերով չեմ կարող նկարագրել այդ ոգևորությունը և մարդկանց ընդգրկվածությունը։

-Շնորհակալ եմ Ձեզ այն եռանդի համար, որն ունեք, այն ջանքերի համար, որոնք գործադրում եք հանուն արվեստագետների, հանուն մշակույթի երկրպագուների։

-Շատ շնորհակալ եմ։

Հայերեն English Русский

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

COP17. ՊԵԿ կրթական ծրագրերում կարևորվում են նաև բնապահպանական հարցերը

Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ