Մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ անուղղակի կերպով ասում է՝ ձեզ կհեռացնենք մեզնից. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին
5 րոպեի ընթերցում
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն իրավունք չունեն կառույցից հեռացնել որևէ այլ անդամ երկրի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների զեկույցին՝ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
«Ակնհայտ է, որ անդամ երկրներն իրավունք չունեն անդամ երկրին հեռացնել կազմակերպությունից: Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում, հաշվի առնելով, որ համընկնում են անդամ երկրները, հետաքրքիր է, թե ինչու Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում: ԵԱՏՄ-ի հետ կապված՝ մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ անուղղակի կերպով ասում է՝ ձեզ կհեռացնենք մեզնից»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները տնտեսական և քաղաքական առումով չեն հանգեցրել այն հետևանքներին, որոնց ձգտում էին Հայաստանում և երկրից դուրս գտնվող շրջանակները:
«Հայաստանում իշխանությունը փոխելու արդեն երրորդ փորձն է լինելու: Առաջինը՝ 2023 թվականի իրադարձություններն էին, երբ Ղարաբաղում` ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, նպատակն էր մարդկանց հոսքն ուղղել դեպի Հայաստան և զուգահեռաբար քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչեցվում, հաջորդը՝ 2026 թվականի հունիսի հերթական խորհրդարանական ընտրություններն էին, հիմա երրորդ փորձն է նախապատրաստվում: Այստեղ տնտեսական բաղադրիչ չկա, քաղաքական բաղադրիչի հետ գործ ունենք, նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է, դե-ֆակտո, հետո նաև դե-յուրե Հայաստանին անկախությունից զրկելը: Հայաստանի պետությունը բավական չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,- նշեց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև զեկույցում ներկայացված տնտեսական հետևանքներին:
«Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք: Մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանությանը պաշտպանությունը, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմումը՝ զեկույցի հավելվածով, 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին (ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ) պաշտոնապես փոխանցելու համար։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի գործողությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 3-րդ հոդվածով ամրագրված այն պարտավորությանը, ըստ որի՝ անդամ պետությունները պետք է նպաստեն միության գործառույթների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել միության նպատակների իրագործումը։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը ուղղակիորեն չի նախատեսում մեխանիզմ, որով անդամ պետությունները կարող են միակողմանիորեն կասեցնել պայմանագրի գործողությունը մեկ այլ անդամ պետության նկատմամբ։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը հղում են կատարում միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերին ու սկզբունքներին, մասնավորապես՝ 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին։ Զեկույցի հեղինակների դիրքորոշմամբ՝ այդ իրավական հիմքերի շրջանակում չորս երկրները կարող են քննարկել համատեղ որոշման ընդունման հնարավորությունը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի և միության իրավական համակարգի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։ Փաստաթղթում նշվում է, որ նման որոշման գործողությունը կարող է պահպանվել մինչև Հայաստանում հանրաքվեի անցկացումը, որի ընթացքում կքննարկվի երկրի՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը շարունակելու կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը։