2 րոպեի ընթերցում
Գյումրիի «Բեռլին-Արթհոթել»-ում հոկտեմբերի 28-ին կբացվի «Արվեստի բարձրագույն ուսումնական հաստատությունները երկխոսության մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Նախաձեռնության նպատակն է հիմք դնել Գյումրիի և գերմանական Հալլե քաղաքի արվեստի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև անմիջական համագործակցությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսում կներկայացվեն Հալլեի Բուրգ Գիբիխենշտայն արվեստի ակադեմիայի նորաձևության բաժնի ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել են դասախոս Նանյի Լիի ղեկավարությամբ անցկացված մասնագիտական սեմինարների ընթացքում։ Նախագծի շրջանակում ուսանողներն ուսումնասիրել են տեքստիլ նախշերի տարածման և փոխակերպման գործընթացները՝ պատմական ակունքներից մինչև ժամանակակից մշակութային ընկալումներ։
Ներկայացվող աշխատանքներում ներառված են նաև հայկական ավանդական նախշեր, որոնք դիտարկվում են որպես մշակութային ինքնության և գեղագիտական արժեքների արտահայտություն։ Համագործակցությունը շարունակական է լինելու։ Ձմռանը Հալլեում կցուցադրվեն նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների աշխատանքները։
Գյումրին և Հալլեն քույր քաղաքներ են հռչակվել 2023 թվականին։ Արվեստի կրթական հաստատությունների միջև նախաձեռնվող համագործակցությունը միտված է երկու քաղաքների մշակութային կապերի ամրապնդմանն ու ստեղծագործական փորձի փոխանակմանը։