Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

5 րոպեի ընթերցում

Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցը ներկայացրել է հնարավոր տնտեսական հետևանքները Հայաստանի համար, եթե երկրի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագիրը ժամանակավորապես կասեցնելու որոշում կայացվի։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցում ընդգծվում է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի 15,6%-ով անկմանը, գնաճի՝ 14,9 տոկոսային կետով աճին և սպառման 14,6%-ով կրճատմանը։

Նշվում է, որ դա նաև կհանգեցնի Հայաստանի համար գազի գնի բարձրացմանը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից մինչև 300 դոլար, կամ 69%-ով։

Նշվում է, որ այս ցուցանիշն ունի ինդիկատիվ բնույթ, և շուկայական իրավիճակը հաշվի առնելով՝ իրական գինը կարող է ավելի բարձր լինել։

Բացի այդ, ընդգծվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը։

Նշվում է, որ դա նաև կհանգեցնի մաքսային հսկողության և վճարների, ամբողջական սանիտարական հսկողության և ապրանքների հարկման վերականգնմանը։

Ինչպես նշվում է զեկույցում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետության, դրա տնտեսական սուբյեկտների և քաղաքացիների նկատմամբ կկասեցվի 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված իրավական ռեժիմի կիրառումը։

Ընդգծվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի ներմուծման 48,8%-ով անկմանը։

Նշվում է, որ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը նրա անդամակցության կասեցման դեպքում կնվազի 55,6%-ով։

Ըստ զեկույցի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30–50%-ով, իսկ վերաարտահանվող ապրանքներինը՝ ավելի քան 90%-ով։

 

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմումը՝ զեկույցի հավելվածով, 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին (ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ) պաշտոնապես փոխանցելու համար։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի գործողությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 3-րդ հոդվածով ամրագրված այն պարտավորությանը, ըստ որի՝ անդամ պետությունները պետք է նպաստեն միության գործառույթների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել միության նպատակների իրագործումը։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը ուղղակիորեն չի նախատեսում մեխանիզմ, որով անդամ պետությունները կարող են միակողմանիորեն կասեցնել պայմանագրի գործողությունը մեկ այլ անդամ պետության նկատմամբ։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը հղում են կատարում միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերին ու սկզբունքներին, մասնավորապես՝ 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին։ Զեկույցի հեղինակների դիրքորոշմամբ՝ այդ իրավական հիմքերի շրջանակում չորս երկրները կարող են քննարկել համատեղ որոշման ընդունման հնարավորությունը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի և միության իրավական համակարգի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։ Փաստաթղթում նշվում է, որ նման որոշման գործողությունը կարող է պահպանվել մինչև Հայաստանում հանրաքվեի անցկացումը, որի ընթացքում կքննարկվի երկրի՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը շարունակելու կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը։

 

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. Պապիկյան

Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ

Կոնստանտին Սոկոլովը խոսել է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված պլանների մասին

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու մեջ

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում