«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծ

3 րոպեի ընթերցում

Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում տեղադրված ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր ընձառյուծի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշպարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։

2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։ Տարածքում կրկնապատկվել է նաև բեզոարյան այծերի թիվը։

Այս արդյունքները կարևոր ցուցանիշներ են համայնքահեն բնապահպանության արդյունավետության տեսանկյունից՝ ընդգծելով տեղական համայնքների և բնության պահպանությամբ զբաղվող մարդկանց դերը կենսաբազմազանության պահպանության գործում։

Ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքի խնամակալ Աղասիի, որի տեղադրած ֆոտոթակարդներն արձանագրել են կենդանուն։ Աղասին տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր։ Նրա երկարամյա աշխատանքը տեղական մակարդակում բնության պահպանությանն ուղղված հետևողական ջանքերի կարևոր օրինակ է։

COP17-ի շրջանակում այս լուրի հրապարակումը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակները կյանքի են կոչվում նաև տեղական մակարդակում՝ համայնքների անմիջական մասնակցությամբ և երկարաժամկետ հետևողական աշխատանքով։ 

Համայնքային բնապահպանական տարածքներում արձանագրվող դրական փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ընձառյուծներին և բեզոարյան այծերին։ Համայնքային բնապահպանական այս տարածքի ստեղծման օրվանից ի վեր կրկնապատկվել է նաև գորշ արջերի թվաքանակը, ինչը ևս մեկ կարևոր ցուցանիշ է պահպանության շարունակական աշխատանքի արդյունքները գնահատելու համար։

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքը ստեղծվել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» (Eco-Corridor Fund for the Caucasus, ECF) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է WWF-Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։

Համայնքային բնապահպանական տարածքների ստեղծումն ու զարգացումը հնարավորություն են տալիս համատեղել բնական էկոհամակարգերի և վայրի կենդանիների պահպանությունը տեղական համայնքների ակտիվ մասնակցության հետ։ «Գնդասարում» արձանագրված արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են այս մոտեցման կարևորությունը Հայաստանում կենսաբազմազանության պահպանության համար։

Հայերեն English

Ալբերտայի նահանգն, ըստ նախնական տվյալների, դեմ է քվեարկել Կանադայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացմանը

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները