Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել
3 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի միջև Երևանում կայացած հանդիպման շրջանակում տարբեր ուղղություններով երկկողմ գործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարները, նաև Երևանի ու Բիշքեկի քաղաքապետերը փոխանակվել են ստորագրված համաձայնագրերով։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը քաղաքացիների փոխայցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիր են ստորագրել։ Միրզոյանն ու Կուլուբաևը նաև ստորագրել են Հայաստանի և Ղրղզստանի միջև գործակցության 2027-2029 թվականների ճանապարհային քարտեզի մասին համաձայնագիրը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ Ղրղզստանի լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևայի և գիտության, բարձրագույն կրթության ու նորարարությունների նախարար Գուլզատ Իսամատովայի հետ կրթության և գիտության ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագրեր է ստորագրել։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ղրղզստանի բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարար Ակիլ Տոկտոբաևը Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված գործակցության հուշագիր են ստորագրել։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևի կողմից էլ վավերացվել է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ երկկողմ գործակցության համաձայնագիրը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևն էլ երկու երկրների մայրաքաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Արմեն Ղևոնդյանը և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր սոցիալական հիմնադրամի նախագահ Բախտիար Ալիևն էլ փոխանակվել են կենսաթոշակային ապահովության ոլորտում գործակցության մասին համաձայնագրով։
Հայ-ղրղզական գործակցություն կլինի նաև երկու երկրների գիտությունների ազգային ակադեմիաների միջև։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն էլ ստորագրել են համատեղ հայտարարություն։