Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք բոլոր նախադրյալներն այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործական արդյունքների վերածելու համար։ Այսօր կայացած բանակցությունների ընթացքում համակողմանի քննարկեցինք քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Քաղաքական երկխոսության առումով վերահաստատեցինք բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման հարցերին։
Այս համատեքստում նրանք կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, ինչպես նաև Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի միջև պետական սահմանի վերաբերյալ ստորագրված պայմանագրերը։
«Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ երկու երկրների միջև համագործակցության կարևոր ուղղություններից են նաև կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները և երիտասարդական ներուժի զարգացումը։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են խրախուսել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումները, զարգացնել համատեղ կրթական ծրագրերն ու հետազոտական նախաձեռնությունները՝ ընդլայնելով երկու երկրների կրթական և գիտական հաստատությունների միջև անմիջական կապերը։
«Մեր պետությունների և ժողովուրդների մերձեցման գործում կարևոր տեղ ունեն մշակութային և հումանիտար կապերը։ Նախատեսում ենք 2027 և 2028 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ու Սադիր Ժապարովը կարևորել են համատեղ ջանքերը միջազգային բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ, վերահաստատել են աջակցությունը լեռնային տարածաշրջանների կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը, հարմարվողականությանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նախաձեռնություններին։
«Այս առումով խորհրդանշական է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության միջև Սևան և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Վստահ եմ, որ մեր այսօրվա պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը և Հայաստանի ու Ղրղզստանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը»,- եզրափակեց Փաշինյանը։