Հայաստան

Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը

4 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը

Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի կողմից։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն իր ելույթում նշեց, որ համաժողովն ունի ընդամենը երեք տարվա, բայց գաղափարական և բովանդակային  առումով՝ արդեն իսկ ձևավորված հարուստ պատմություն։

«Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն» միջազգային համաժողովը

«Մեր կենտրոնը, որպես քաղհասարակության դերակատար, նպատակ ունի իր մասնագիտական ներուժով նպաստել ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության օրակարգի առաջմղմանը։ Այդ հանձնառության հիմքում ընկած է այն գիտակցումը, որ համապարփակ անվտանգության արդյունավետությունը պայմանավորված է համակառավարական և համահասարակական մոտեցումների ներդաշնակ կիրառմամբ։ Առանց այդ երկու հարթությունների սիներգիայի որևէ պետություն, առավել ևս որևէ ժողովրդավարություն, ի վիճակի չէ ապահովել պատրաստվածության այնպիսի մակարդակ, որն անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակներին և հիբրիդային սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար»,- ասաց Մարգարյանը։

Նա հավելեց, որ ժամանակակից սպառնալիքներն այլևս ավանդական չեն, դրանք բազմաշերտ են, հիբրիդային և ասիմետրիկ, հետևաբար պետության ռազմավարական դիմակայունության ապահովումը չի կարող սահմանափակվել միայն պետական ապարատի գործառույթներով, այլ պահանջում է հասարակության բոլոր շերտերի համակարգված մասնակցություն։

«Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն» միջազգային համաժողովը

«Համապարփակ անվտանգության և դիմակայունության համակարգը մեկ օրում չի կառուցվում։ Դա տևական, ինստիտուցիոնալ գործընթաց է, սակայն դիտարկելով անցած ճանապարհն ու համեմատելով մեր այսօրվա իրողությունները 2024 թվականի հետ՝ ակնհայտ է դառնում տվյալ ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Ուրախալի է փաստել, որ ՀՀ կառավարության 2026-31 թվականների գործունեության ծրագրում անվտանգության ամրապնդման քաղաքականությունը հստակորեն ամրագրված է։ Դրանից էլ բխում է մեր այս տարվա համաժողովի կարգախոսը՝ «Ռազմավարությունից դեպի գործողություն»։ Մեր կենտրոնի անկախությունը չի սահմանափակվել միայն համաժողովի անցկացմամբ»,-նշեց Մարգարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ նախորդ ամիսներին իրականացվել են համահասարակական խորհրդակցություններ՝ ներգրավելով չորս առանցքային շահառու խմբերին։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է «Համապետական և համահասարակական դիմակայություն․կարողություններ, բացեր և լավարկման ուղիներ» փաստաթուղթը։ Կենտրոնը հետամուտ է լինելու նշված փաստաթղթում տեղ գտած փորձագիտական առաջարկությունների հետագա կենսագործմանը։

«Մեր համոզմունքն այն է, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միայն ու միայն պետություն-հասարակություն երկխոսությամբ կարելի է կառուցել դիմակայուն հասարակություն և պետություն։ Այս ճանապարհին չափազանց ոգևորիչ է միջազգային գործընկերների շարունակական և ընդլայնվող աջակցությունը։ Եթե 2024 թվականին մեր կողքին էին Ֆինլանդիան, Էստոնիան և Շվեդիան, ապա այսօր մեր աջակիցների թիվը հասել է իննի՝ վկայելով մեր ընդհանուր օրակարգի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին։ Մեկտեղելով միջազգային առաջատար փորձառությունը, համապարփակ դիմակայունության գործիքակազմերն ու ՀՀ անվտանգային ճարտարապետության առանձնահատկությունները՝ այս հարթակը շեշտը դնելու է ճգնաժամային իրավիճակներում գործնականորեն փորձարկված անվտանգային լուծումների և ապագայամետ մոտեցումների ձևավորման վրա»,-եզրափակեց Մարգարյանը։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում