Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով
2 րոպեի ընթերցում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ հիշեցնելով, որ երկու երկրները պայմանավորվել են սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը թեմային անդրադարձել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Բայրամովը նշել է, որ սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովները պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են անցկացնում։
«Պայմանավորվածություն կա, թե որ ուղղությունից պետք է սկսվի և հետագայում շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի առավել բարդ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կշարունակվեն հյուսիսից հարավ»,- հայտարարել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել, իսկ դրանց գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։
Անդրադառնալով սահմանազատման հետագա մանրամասներին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ դրանք կքննարկվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակահատվածում։
«Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում»,- հավելել է Բայրամովը՝ հավանաբար, նկատի ունենալով անկլավ-էքսկլավների հարցը։