Երեկոն թանգարանում․ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում

3 րոպեի ընթերցում

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Էտյուդ» ստուդիան գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին ներկայացել են համատեղ ծրագրով։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Երեկոն թանգարանում» խորագիրը կրող միջոցառման շրջանակում թանգարանային շրջայցը համատեղվել է 19-րդ դարի ալեքսանդրապոլյան կենցաղի կենդանի տեսարաններով․միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել հատուկ շրջայցի միջոցով ծանոթանալու հին Ալեքսանդրապոլի կենցաղին, ավանդույթներին, քաղաքային մշակույթին և պատմական միջավայրին։

Երեկոյի երկրորդ հատվածում թանգարանի բացօթյա պատմական միջավայրում հնչել են սիմֆոնիկ մեղեդիներ։ Պատմությունն ու երաժշտությունը մեկ վայրում էին համադրվել՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային միջավայր, ժամանակի միջով կատարելով խորհրդանշական ճանապարհորդություն։ Սրանով նաև ազդարարվել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի աշնանային համերգաշրջանի առաջին համերգը՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Կարճյանի և դիրիժոր Երվանդ Վարոսյանի գլխավորությամբ։

«Երեկոն թանգարանում» մշակութային նախաձեռնությունը մեկ երեկոյի ընթացքում թանգարանը վերածել էր երաժշտության, պատմության և հիշողության յուրահատուկ հանդիպման վայրի։

«Նմանօրինակ միջոցառումները ևս մեկ անգամ շեշտում են, որ Գյումրին շարունակում է շնչել մշակույթով։ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի համագործակցությունը «Էտյուդ» ստուդիայի և սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջինը չէր, պարբերաբար են լինում նմանատիպ համագործակցություններ։ Բայց այս համագործակցությունը եզակի էր նրանով, որ թանգարան այցելող հյուրերին սպասվում էր շրջայց թանգարանում՝ համեմված թատերական ներկայացմամբ։ Այցելուները հայտնվեցին 19-րդ դարի կենցաղում, ծանոթացան մեծահարուստների ու արհեստավորների կենցաղավարությանը, իսկ երեկոն ավարտվեց գեղեցիկ համերգային ծրագրով։ Այս ամենը թանգարանն ավելի կենդանի դարձրեց ու ապացուցեց, որ թանգարանները միայն պատմությունը պահպանող ու ներկայացնող տարածքներ չեն, այլ՝ մշակույթը ներկայացնող կենդանի օջախներ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Անի Նազարյանը՝ վստահեցնելով, որ նմանօրինակ միջոցառումները նաև խթանում են մարդկանց հոսքը դեպի թանգարաններ:

 

Հայերեն English Русский