Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր շունչ է ստացել. Չեխիայի նախագահ
4 րոպեի ընթերցում
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ուրախությամբ է արձանագրում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորում են՝ շեշտելով, որ այդ գործընթացը սկսվել է Պրահայում 2022 թվականին և իր շարունակությունն ունեցել 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
Ինչպես Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեխիայի նախագահն այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ նախագահական նստավայրում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։ Նա նկատի ունի Պրահայում 2022թ․ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում կայացած քառակողմ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Մենք լավ լուր ունենք առ այն, որ Հարավային Կովկասում, որը երկար ժամանակ հակամարտության գոտի էր, իրավիճակը հանդարտվել է, և Հայաստանի ու Ադրբեջւանի հարաբերությունները կարգավորվում են։ Այդ ճանապարհը սկսվել է Պրահայում 2022 թվականին և ավարտվել է անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երբ հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը նոր շունչ են ստացել»,- ասել է Պետր Պավելը։
Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Թուրքիայի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները կամրապնդվեն, ինչով շահագրգռված են նաև Չեխիան ու Եվրամիությունը։
Վահագն Խաչատուրյան, Պետր Պավել
Պետր Պավել
Վահագն Խաչատուրյան, Պետր Պավել
Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան, Պետր Պավել
Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը
Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Չեխիայի նախագահ Պետր Պավելի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին հաջորդել են պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։
Նախագահների մամուլի ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ Վալդշտեյն պալատում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։
Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։
Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։