Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չունի և չի ունեցել. Փաշինյանի արձագանքը՝ Զախարովայի հայտարարությանը
2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարության օրակարգում Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարց չկա և երբևէ չի էլ եղել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Հայաստանը առաջին հերթին հենց իր դեմ քայլ կանի, եթե որոշի վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար։
Հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում նման հարց կա՞, որ Մոսկվայից նման հայտարարություններ են հնչում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Իսկ ո՞վ է նման բան քննարկել։ Մենք բացարձակապես նման բան անելու մտադրություն ո՛չ ունենք, ո՛չ էլ երբևէ ունեցել ենք, ո՛չ էլ նման բան մեր մտքով անցել է։ Ընդհակառակը՝ մենք մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին, և տեսնում ենք, որ հիմա նրանք Հայաստանի զբոսաշրջային առավելությունները առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։ Հայաստանի հանրությունն էլ մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, և նրանք էլ, կարծես, Հայաստանում իրենց վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք, ինչպես, իհարկե, նաև մյուս երկրներից եկող զբոսաշրջիկների պարագայում։ Նման բան մեր մտքով երբեք չի էլ անցել, մենք նման պատճառ չունենք»։