Անկախ ամեն ինչից՝ արտահանման դիվերսիֆիկացիան պետք է լինի մեր ռազմավարությունը. Փաշինյան
3 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան պետք է դառնա Հայաստանի կառավարության ռազմավարությունը՝ նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանի կողմից Հայաստանից ապրանքների ներմուծման դեմ կիրառվող սահմանափակումները հանվեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա մեր ռազմավարությունը։ Անկախ ամեն ինչից՝ մենք չպետք է շեղվենք այդ ուղղությունից։ Բայց պետք է ուրախությամբ արձանագրել, որ, իհարկե, պրոբլեմ եղավ և պրոբլեմ կա, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ այդ պրոբլեմը Կառավարություն-մասնավոր ջանքերի շնորհիվ կառավարվում է»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չոր մրգերի, այդ թվում՝ որոշակի տեխնոլոգիայով չորացված մրգերի, արտադրող երկիր։ Նա դա համարում է արտահանման հետաքրքիր ուղղություն։ Իսկ չրերի և չորացված մրգերի պահպանման ճկուն ժամկետները թույլ են տալիս պահեստավորել դրանք և արտահանել ավելի մեծ պահանջարկ ունենալու ժամանակահատվածում։
Վարչապետն ընդգծել է, որ միրգ-բանջարեղենի պահածոներ, մուրաբա և համանման այլ արտադրանք պատրաստողների հետ արդեն այսօրվանից պետք է աշխատել, որպեսզի նրանք հաջորդ տարի կարողանան կազմակերպել դիվերսիֆիկացված արտահանում։ Ըստ նրա, կառավարությունը պետք է սկսի նաև չրեղենի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր իրականացնել։
Նիստի ընթացքում կարևորվել է նաև գյուղատնտեսության ինդուստրիալիզացիան։
Իսկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը էկոնոմիկայի նախարարությանը կոչ է արել եկող տարի խրախոսել բարձրարժեք արտադրության զարգացումը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի հունիսի սկզբից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։ Այդ ֆոնին Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել Հայաստանից արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։ Սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսի համար ԵՄ շուկան ազատականացնելու մասին, ինչը նշանակում է, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսը ԵՄ շուկա կմտնեն առանց մաքսատուրքերի։