Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք կհեռանանք թեկուզ վաղը. Պուտին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան, եթե Հայաստանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ։ Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել իր ռազմական ներկայությունը, եթե դա ցանկանում է հայ ժողովուրդը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինն այս մասին ասել է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրի։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ իր կողքին ռուսական ինչ-որ ռազմական թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերը հանգիստ պայմաններում և մասնագետների մասնակցությամբ քննարկելու համար։

«Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի առանց շտապելու՝ նրա և մեր մասնագետների հետ նստենք ու անցնենք յուրաքանչյուր կետով։ Այնտեղ կան նաև կոնկրետ հարցեր, օրինակ՝ երկաթուղին»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են երկխոսությունը վարել հանգիստ ռեժիմով։

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը՝ Պուտինն ընդգծել է, որ դա երկրի ինքնիշխան ընտրությունն է, սակայն, իր գնահատմամբ, Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը։

«Եթե որոշել եք շարժվել դեպի ԵՄ, դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է։ Մեզ հայ ժողովրդի հետ կապում են բարեկամության պատմական թելեր և նույնիսկ ավելին, քան բարեկամությունը։ Մենք հայերի, ընդհանրապես հայ ժողովրդի հետ փոխհարաբերությունների շատ խորը արմատներ ունենք։ Բայց միաժամանակ երկու կազմակերպությունում գտնվելն ուղղակի անհնար է։ Բուսասանիտարական նորմերը, տեխնիկական ստանդարտները և շատ այլ բաներ այսօր անհամատեղելի են»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Բիշկեքում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Հայերեն English Español فارسی Русский Türkçe