ԱՄՆ-ն մտադիր է ևս մեկ բանկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի հետ գործարքների համար

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է այս շաբաթ պատժամիջոցներ կիրառել ևս մեկ բանկի նկատմամբ՝ Իրանի տնտեսական մեկուսացման ջանքերն ուժեղացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 30-ին The Associated Press գործակալությանն ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Սա ֆինանսական բռնություն է լինելու, եթե անհրաժեշտ լինի, - հարցազրույցում ասել է Բեսենթը։ - Մենք մարդկանց ցույց ենք տալիս, որ գիտենք, թե ովքեր եք դուք, դուք գիտեք, թե ովքեր եք, և սա պետք է դադարեցվի»։

Բեսենթը AP-ի հետ զրուցել է Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում կայանալիք Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների գագաթնաժողովից առաջ, որտեղ նա առանձին կհանդիպի աշխարհի խոշոր և զարգացող տնտեսությունների իր գործընկերների հետ՝ Իրանի դեմ համագործակցությունը խրախուսելու համար։

Բեսենթը չի նշել, թե կոնկրետ որ բանկի նկատմամբ այս շաբաթ պատժամիջոցներ կսահմանվեն։

Նա միևնույն ժամանակ նա անդրադարձել է Պեկինի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին՝ հաշվի առնելով, որ Չինաստանն իրանական նավթի հիմնական գնորդն է։ Պաշտոնյան նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում կխոսի նաև իր չինացի պաշտոնակցի հետ, և որ «բոլոր տարբերակները սեղանին են»։ Բեսենթի պնդմամբ՝ Վաշինգտոնը և Պեկինը համակարծիք են այն հարցում, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի, իսկ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Օգոստոսի 28-ին ԱՄՆ-ն միջոցներ է կիրառել Եգիպտոսի Banque Misr բանկի Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաճյուղերի նկատմամբ՝ Իրանի հետ ենթադրյալ ֆինանսական կապերի համար։ Բեսենթն ասել է, որ հաջորդ քայլը կարող է լինել հաստատության ամբողջական անջատումը դոլարի վրա հիմնված ֆինանսական համակարգից։

Բեսենթն օգոստոսի 30-ին Reuters-ի հայտնել է, որ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ամեն շաբաթ, հավանաբար, կհրապարակվեն նոր երկրորդային պատժամիջոցներ, որոնք առաջին հերթին կկենտրոնանան բանկերի վրա։

Միևնույն ժամանակ, շուրջ մեկ ամսվա դադարից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները վերսկսվել են։ Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում էր ծովային ականներով հրթիռներ արձակել դեպի Հորմուզի նեղուց, և ամերիկյան ուժերը «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» են իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։ Իրանական կողմը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Լարակ կղզում։ Կան զոհեր և վիրավորներ։ Թեհրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազայի ուղղությամբ։

Իրանը նաև հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ ԱԹՍ-ներ արձակելու մասին։ ԱՄԷ-ն հայտնել է, որ մեկ անօդաչու է կալանել։

Իրան

Իրանը հայտարարել է ԱՄԷ–ում ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման մասին. ԱՄԷ-ն հերքել է հարձակումը

Հայերեն Русский