Միացյալ Նահանգներ

Թրամփը հրահանգել է մինչև 2030 թվականը տիեզերական թռիչքների թիվը հասցնել տարեկան 1000-ի

2 րոպեի ընթերցում

Թրամփը հրահանգել է մինչև 2030 թվականը տիեզերական թռիչքների թիվը հասցնել տարեկան 1000-ի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որի նպատակն է մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի տիեզերական թռիչքների տարեկան քանակը հասցնել 1000-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Սպիտակ տան տարածած փաստաթղթի՝ մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի տիեզերական փոխադրումների հզորությունը պետք է աճի մինչև այնպիսի մակարդակ, որը թույլ կտա տարեկան ավելի քան 1000 թռիչք և վայրէջք, ինչն ավելին է նախորդ տարվա 178 թռիչքի համեմատ։ 2025 թվականի այս ցուցանիշն արդեն 10 անգամ ավելի բարձր է, քան 2013 թվականին։

Հուշագիրը, որը կենտրոնացած է կոմերցիոն տիեզերական արդյունաբերության զարգացման վրա, կոչ է անում գործակալություններին խթանել տիեզերական տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ զարգացումը մասնավոր հատվածի գործընկերների հետ, արագացնել թույլտվությունների և շրջակա միջավայրի վերաբերյալ ուսումնասիրությունները և ապահովել տիեզերական մեկնարկների համար բավարար անլար կապի սպեկտր։

Փաստաթղթով պետական գործակալություններին հանձնարարվում է դաշնային հողատարածքներ գտնել մեկնարկի և Երկիր վերադարձի կայանքների համար։ Թրամփը ցանկանում է, որ տիեզերքից Երկիր վայրէջքի վայրերը որոշվեն 90 օրվա ընթացքում։

Թրամփը նաև մտադիր է ամերիկացի տիեզերագնացներին վերադարձնել Լուսին մինչև 2028 թվականը։ Հուշագիրը կոչ է անում ՆԱՍԱ-ին հեշտացնել կոմերցիոն թռիչքները դեպի Լուսին և կոմերցիոն ռոբոտների մուտքը դեպի Մարս, ինչպես նաև ուսումնասիրել կոմերցիոն ուղիները մարդկանց Մարս ուղարկելու համար։

Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության տնօրեն Մայքլ Կրացիոսը նշել է, որ տիեզերական տրանսպորտի նոր ազգային քաղաքականությունն ԱՄՆ-ն դիրքավորում է որպես տիեզերքի հաջորդ դարաշրջանի առաջնորդ։

Թրամփը նաև ցանկանում է, որ գործակալությունները ձեռնպահ մնան ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող տիեզերական տրանսպորտային գործունեությունից, «որը խոչընդոտում կամ մրցակցում է Միացյալ Նահանգների առևտրային տիեզերական տրանսպորտային գործունեության հետ, եթե դա չի պահանջվում հանրային անվտանգության կամ ազգային անվտանգության նկատառումներով»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում