«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

4 րոպեի ընթերցում

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) օգոստոսի 22-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։

Տարիների ընթացքում «Գութան» փառատոնը դարձել է ազգային երգարվեստի և պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին։

Այս տարի փառատոնին կմասնակցեն 26 խումբ՝ բեմում հանդես կգան ավելի քան 500 մասնակից-արտիստներ։

Փառատոնի ամենատպավորիչ և խորհրդանշական դրվագներից է բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները հանդես են գալիս միասնական կատարմամբ։ Ազգային տարազներով հարյուրավոր արտիստներ ստեղծում են բացառիկ տեսարան՝ բեմը վերածելով հայկական կենդանի գորգի, որը խորհրդանշում է հայկական մշակույթի միասնականությունն ու հարատևությունը։

Այս տարվա մասնակիցներն են՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վան», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Մենք», «Սեբաստացիներ», «Հրայրք», «Ծովակ», «Նաիրի», «Մարաթուկցիներ», «Դարե», «Տավրոս», «Արծափ», «Անդոկ», «Դիզակ», «Տարերք», «Ծիլք», ինչպես նաև սփյուռքը ներկայացնող «Զարկ»(Ռոստով), «Նժդեհ» (Մոսկվա), «Կայծ» (Մոսկվա),  «Արմատ» (Բելգորոդ) և «Խոյակ» (Մյունխեն)  խմբերը։

Փառատոնի հիմնական նպատակն է պահպանել, հանրահռչակել և առավել ճանաչելի դարձնել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը։

Փառատոնի հիմնարար սկզբունքներն են՝

• ազգային երգերի և պարերի ներկայացումը դրանց բնօրինակ և ավանդական ձևով՝ առանց ժամանակակից մշակումների,

• բացառապես հայկական ազգային նվագարանների կիրառումը։

«Գութան» փառատոնի շրջանակում ստեղծվում և ցուցադրվում են նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացնում են հայկական երգի և պարի նշանավոր ներկայացուցիչների կյանքը, գործունեությունը և նրանց թողած հարուստ մշակութային ժառանգությունը։

Ամեն տարի փառատոնն անցկացվում է Երևանում՝ բաց երկնքի տակ։ Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս այն տեղի կունենա Գաֆէսճյան քանդակների պարտեզում։

Միջոցառման անվճար ձևաչափը հնարավորություն է տալիս հասարակության լայն շրջանակներին, ինչպես նաև Հայաստան այցելած հյուրերին ու զբոսաշրջիկներին անմիջականորեն հաղորդակից դառնալու հայկական մշակույթին և բացահայտելու ազգային երգի ու պարի անաղարտ ավանդույթները։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից են նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները, որոնք անցկացվում են Երևանի վարչական շրջաններում և Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում։

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ